Միջազգային

ԱՀԿ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել Եմենում հութիների կողմից ձերբակալված ՄԱԿ-ի աշխատակիցներին

3 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել Եմենում հութիների կողմից ձերբակալված ՄԱԿ-ի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները, որոնք ձերբակալված են Եմենում, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«Խորապես անհանգստացած եմ Եմենում ԱՀԿ-ի աշխատակցի, ՄԱԿ-ի այլ աշխատակիցների և հումանիտար աշխատողների ձերբակալման առնչությամբ: Մենք սերտորեն համագործակցում ենք ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ՝ ապահովելու նրանց անվտանգությունը», - գրել է նա:

Գեբրեյեսուսը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ձերբակալվածներին:

«Հումանիտար աշխատողները երբեք չպետք է դառնան թիրախ», - հավելել է նա:

Իր հերթին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը հայտարարության մեջ կոչ է արել ազատ արձակել իր ղեկավարած գերատեսչության վեց աշխատակիցներին, ինչպես նաև «մյուս անձանց, որոնք ձերբակալվել են ՄԱԿ-ի, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կամ մարդասիրական գործունեությամբ զբաղվող այլ կառույցների հետ կապերի պատճառով»։

Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հութի խռովարարներն ավելի վաղ հայտնել են, որ իրենց կողմից ձերբակալված անձինք «ամերիկա-իսրայելական լրտեսական ցանցի» անդամներ են, որոնք, իբր, կապված են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ և աշխատում են միջազգային մարդասիրական կազմակերպությունների քողի ներքո: Ֆոլկեր Թյուրքը հերքել է այս մեղադրանքները։

Հունիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտնել է, որ հութիները ձերբակալել են Եմենի 10-ից ավելի քաղաքացիների, որոնք աշխատում են համաշխարհային կազմակերպության համակարգի հաստատություններում։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է առճակատումը կառավարական ուժերի և «Անսար Ալլահ»-ի կողմնակիցների միջև։ 2015 թվականի մարտին կառավարության կողմից հակամարտությանը միացավ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան։ Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ հումանիտար աղետի։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 24 միլիոն եմենցի կամ երկրի բնակչության մոտավորապես 80 %-ը հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում