Միջազգային

Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները

2 րոպեի ընթերցում

Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի տարածքի մեծ մասում սաստիկ շոգ եղանակ է հաստատվել․ ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունական News247 լրատվական հարթակը նշում է, որ իշխանությունները կանխարգելիչ նպատակով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս աշխատել հեռավար ռեժիմով:

Այս ամռան շոգի առաջին ալիքի կապակցությամբ երկրի Առողջապահության նախարարության ղեկավարությունը բուժհաստատություններին և շտապ օգնության ծառայություններին կոչ է արել լինել բարձր պատրաստության վիճակում՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճաններից առաջացող ցանկացած խնդիր արագ և արդյունավետ լուծելու համար։

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունն իր հերթին կոչ է արել բնակիչներին, հատկապես՝ խոցելի խմբերին, լինել զգույշ՝ խուսափելու առողջական խնդիրներից, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով ջերմային հարվածներից։ Քարտուղարությունը հրապարակել է նաև հրդեհների ռիսկի քարտեզ, որի համաձայն հունիսի 11-ին անտառային հրդեհների շատ բարձր ռիսկ է կանխատեսվում Կենտրոնական Հունաստանի տարածաշրջանի, Ատտիկայի մայրաքաղաքային մարզի և Պելոպոնես թերակղզու համար:

Ազգային օդերևութաբանական ծառայության արտակարգ տեղեկագրի համաձայն՝ Աթենքում հունիսի 11-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, իսկ հունիսի 12-ին՝ 42 աստիճանի: Հունաստանի այլ շրջաններում սպասվում է 37-43 աստիճան տաքություն։Նման շոգ եղանակը կպահպանվի մոտ երեք օր, այնուհետև ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև այս սեզոնի համար սովորական 34-35 աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում