Միջազգային

Բլինքենը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա Գազայում զինադադարի հասնելու համար

2 րոպեի ընթերցում

Բլինքենը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա Գազայում զինադադարի հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Միացյալ Նահանգները պնդում է, որպեսզի Մերձավոր Արևելքի երկրները ճնշում գործադրեն ՀԱՄԱՍ շարժման վրա Գազայի հատվածում զինադադարի քննարկվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Եգիպտոսի ղեկավարության հետ բանակցություններից հետո Կահիրեի օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի կառավարություններին ու մարդկանց իր ուղերձն այն է, որ եթե ցանկանում են մեղմել Գազայում պաղեստինցիների սարսափելի տառապանքը, պատանդների վերադարձն ու զինադադար, ապա պետք է ճնշում գործադրեն ՀԱՄԱՍ-ի վրա։

«Եթե մենք հասնենք այս զինադադարին, դա նաև ճանապարհ կհարթի Գազայում ավելի մեծ անվտանգության, հանգստության և խաղաղության համար»,- ասել է Բլինքենը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եգիպտոսի տեսանկյունից համաձայնության գալը հնարավոր է։

Նրա համոզմամբ՝ Եգիպտոսը, Միացյալ Նահանգները և այլ երկրներ կարծում են, որ կարող եք ստիպել կողմերին համաձայնության գալ գործարքի շուրջ։

«Սակայն մեզանից ոչ ոք չգիտի, թե ինչ կա ՀԱՄԱՍ-ի կամ նրա առաջնորդների մտքում: Այսպիսով, մենք չգիտենք, թե ինչ կլինի պատասխանը»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Նա հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները շարունակվում են։

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է խաղաղ համաձայնագրի նոր նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից։

Առաջինը նախատեսված է վեց շաբաթվա համար՝ ներառելով կրակի ամբողջական դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի բնակեցված շրջաններից, պատանդների ու բանտարկյալների փոխադարձ ազատ արձակում:

Այդ ընթացքում կողմերը պետք է սկսեն բանակցությունները, և հրադադարը կգործի մինչև փոխըմբռնման հասնելը։

Երկրորդ փուլը ներառում է բոլոր պատանդների, այդ թվում՝ զինվորականների ազատ արձակումը։

Երրորդ փուլը՝ Գազայի հատվածի վերականգնումն է և զոհված իսրայելցիների աճյունների փոխանցումը հարազատներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում