Միջազգային

Անտառային հրդեհները սպառնում են Բրազիլիայի յուրօրինակ էկոհամակարգին. BBC

2 րոպեի ընթերցում

Անտառային հրդեհները սպառնում են Բրազիլիայի յուրօրինակ էկոհամակարգին. BBC

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայում գտնվող Պանտանալ շրջանում, որն աշխարհի ամենամեծ ճահճային տեկտոնական իջվածքն է, անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մատու Գրոսու դու Սուլ նահանգում հրդեհներն արդեն ոչնչացրել են մոտ 32 000 հեկտար տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Պանտանալում բնակվում են յագուարներ, հսկա մրջնակերներ և ջրասամույրներ։

Ըստ կլիմայի ոլորտի փորձագետների՝ այս տարի անտառային հրդեհների սեզոնը շուտ է սկսվել և շատ ավելի ինտենսիվ է, քան նախորդ տարիներին։

Հրշեջները հայտարարել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտել են շաբաթ և կիրակի օրերին մոլեգնող ուժգին քամիները։ Բացի այդ, տարածաշրջանում ավելի քիչ տեղումներ են գրանցվել, քան նախորդ տարիներին, ինչը նպաստել է հրդեհների տարածմանը։

Հունիսի 9-ի դրությամբ՝ տարվա սկզբից ի վեր անտառային հրդեհների քանակը 935 %-ով ավելի մեծ է եղել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

2023 թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 9 ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 127 անտառային հրդեհ, մինչդեռ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1315։

Մատու Գրոսու դու Սուլի իշխանությունները բնապահպանական արտակարգ դրություն էին սահմանել ապրիլին՝ նշելով, որ տեղումների քիչ քանակը լավ պայմաններ է ստեղծում անտառային հրդեհների համար։

Բրազիլիայի դաշնային կառավարությունն օրեր առաջ հայտարարել է, որ Մատու Գրոսու դու Սուլի և Ամազոնիայի կառավարությունների հետ կաշխատի անտառային հրդեհների դեմ պայքարի գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում