Միջազգային

Հնդկաստանում 2024 թվականին շոգի շրջանը դարձել է ամենաերկարատևը երկրի պատմության մեջ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում 2024 թվականին շոգի շրջանը դարձել է ամենաերկարատևը երկրի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում մինչև այժմ շարունակվող շոգի ալիքը դարձել է ամենաերկարատևը երկրում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի oդերևութաբանական վարչության (IMD) ղեկավար Մրուտյունջայ Մոհապատրային։

Հինդուստանում տապի ալիքները, հավանաբար, կկրկնվեն նաև հետագայում։

«Մայիսի կեսերից ի վեր հյուսիսային Հնդկաստանի որոշ շրջաններ ընդգրկել է շոգի ալիքը, ջերմաստիճանը բարձրացել է 45 աստիճանից: Սա (շոգի) ամենաերկարատև շրջանն է, քանի որ այն դիտվել է մոտ 24 օր շարունակ երկրի տարբեր մասերում», - ասել է Մոհապատրան։

Սպասվում է, որ ջերմաստիճանը մոտ ժամանակներս կնվազի, քանի որ հունիսին ամենամյա մուսոնային անձրևներն արդեն սկսել են շարժվել դեպի Հնդկաստանի հյուսիս: Սակայն կլիմայական իրավիճակը վկայում է, որ տապն ամբողջությամբ չի հեռանա։

«Ջերմային ալիքները կլինեն ավելի հաճախակի, երկարատև և ինտենսիվ, եթե նախազգուշական կամ կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն», - ասել է IMD-ի ղեկավարը։

«Մարդու գործունեությունը, բնակչության աճը, ինդուստրալացումը և տրանսպորտային համակարգերը հանգեցնում են ածխածնի օքսիդի, մեթանի և քլորածխածինների կոնցենտրացիայի ավելացման», - հավելել է Մոհապատրան:

Նրա խոսքով՝ Նյու Դելիում պաշտոնապես հաստատված ջերմաստիճանը հասել է նախորդ ռեկորդային մակարդակին՝ ըստ Ցելսիուսի 49,2 աստիճանի, որն առաջին անգամ գրանցվել է 2022 թվականին։ Դա մայրաքաղաքի իշխանություններին ստիպել է հայտարարել տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում