Մշակույթ

Մշակութային ամառ Երևանում. հունիսին և հուլիսին մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք մշակութային նախագծեր

3 րոպեի ընթերցում

Մշակութային ամառ Երևանում. հունիսին և հուլիսին մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք մշակութային նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոփառատոններ, համերգային մի շարք նախագծեր, պրեմիերաներ և այլ նախաձեռնություններ.առաջիկա ամիսներին Երևանում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը՝ ներկայացնելով հունիսին և հուլիսին մայրաքաղաքում անցկացվելիք մշակութային միջոցառումները։

«Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հերթական համերգը, որը պատմական իրադարձություն է հայ և համաշխարհային դասական կատարողական արվեստում: Տասնամյակների կենսագրություն ունեցող կայացած, պրոֆեսիոնալ և շատ նվագախմբերի համար նույնիսկ դժվարին համարվող բարդագույն ծրագրով հանդես կգա Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողներից, երաժշտական այլ հաստատություններից կազմավորված պատանեկան նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի հատուկ հյուրն աշխարհահռչակ երաժիշտ, մեր ժամանակների մեծագույն ջութակահար Ագուստին Հադելիխն է»,-ասաց նա:

Գոշ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 12-ին վերանորոգումից հետո իր դռները կբացի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը։

«Հուլիսին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում կցուցադրվի Երևանի քաղաքապետարանի պատվերով ստեղծված, Երևանի մասին պատմող ֆիլմերից բաղկացած ալմանախը, որին զուգահեռ կիրականացվի նաև «Սիմֆոնիկ Երևան» (Symphonic Yerevan) միջազգային երաժշտական ծրագիրը: Առաջիկայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ նախատեսվում է թողարկել Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների երկու ալբոմները»,-նշեց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հունիսը լի է լինելու մշակութային միջոցառումներով, ապա ընդգծեց՝ շատ կարևոր է քաղաքացիներին պարբերաբար իրազեկել, թե ինչ միջոցառումներ են սպասվում առաջիկայում:

«Քաղաքականության էական փոփոխություն կա: Քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի, բարձրարժեք երաժշտության վրա, որի առաջարկը, միգուցե բավարար չափով չէ։ Եվ նույն բալետային փառատոնը, սիմֆոնիկ փառատոնը, որ տեղի են ունենալու աշնանը, հենց այդ քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մաս են»,-ասաց Տիգրան Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում