Միջազգային

Նեթանյահուն ընդդիմության առաջնորդ Բենի Գանցին հորդորել է վերանայել կառավարությունը լքելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն ընդդիմության առաջնորդ Բենի Գանցին հորդորել է վերանայել կառավարությունը լքելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդդիմության առաջնորդ Բենի Գանցին կոչ է արել վերանայել կառավարությունից հեռանալու իր որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն գրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«Իսրայելը մի քանի ճակատով գոյութենաբանական պատերազմ է մղում: Բենի՛, հիմա արշավը լքելու ժամանակը չէ, հիմա ջանքերը միավորելու ժամանակն է», - գրել է նա։

Նեթանյահուն իր հայտարարության մեջ խոստացել է շարունակել պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ, չնայած կենտրոնամետների առաջնորդի հեռանալուն։

«Իսրայելի քաղաքացիներ, մենք կշարունակենք այնքան, մինչև հաղթանակ տանենք և հասնենք պատերազմի բոլոր նպատակներին, առաջին հերթին՝ մեր բոլոր պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի վերացման», - հավելել է նա։

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը հունիսի 9-ին հայտարարել է վարչապետի հետ տարաձայնությունների պատճառով կառավարությունը լքելու իր որոշման մասին։

«Նեթանյահուն մեզ թույլ չի տալիս դեպի հաղթանակ շարժվել Գազայի հատվածում: Ուստի ես այսօր կառավարությունից հեռանում են ծանր սրտով», - հայտարարել է Գանցը:

Նա նաև Նեթանյահուին կոչ է արել նշել ընտրությունների ստույգ ամսաթիվը, որոնք պլանավորված են 2024 թ. աշնանը։

Մայիսին Գանցը կոչ էր արել մինչև հունիսի 8-ը հաստատել Գազայի հատվածում նպատակներին հասնելու գործողությունների ծրագիրը և սպառնացել, որ հակառակ դեպքում կլքի կառավարությունը։

Ներկայիս արտակարգ կառավարությունը Նեթանյահուի կողմից ստեղծվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Բացի Նեթանյահուի կողմնակիցներից, այս կաբինետում տեղ են գտել մի քանի ընդդիմադիրներ, որոնցից առավել հեղինակավորը Գանցն էր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում