Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի հետ: Կայացել է ԱԳ նախարարի և ՇՀԿ ԳՔ առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան։ Կողմերը հույս են հայտնել, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած՝ պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: «Խաղաղություն, անվտանգություն և տնտեսական զարգացում. սա այն է, ինչ Հայաստանն աշխատում է կյանքի կոչել մեր տարածաշրջանում, և պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մեզ համար հիմնաքարային սկզբունքները և խաղաղության տեսլականը համընկնում են ՇՀԿ առանցքային մոտեցման հետ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացման հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն իր նպատակներով և ընձեռող հնարավորություններով ՇՀԿ շրջանակներում առկա առևտրատնտեսական համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության օրակարգի կարևոր բաղադրիչ կարող է լինել:

Նշվում է, որ, անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային միջավայրին, ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ տեսլականն ու գործադրվող ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում