Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
2 րոպեի ընթերցում
![Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1139016.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ իշխանությունները հայտնել են, որ 1 կին զոհվել է, ևս 2 հոգի՝ վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վալույսկի շրջանի Նովոպետրովկա գյուղում ավտոմեքենայի վրա անօդաչուի գրոհի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերը հերթական ահաբեկչական հարվածն են հասցրել: Կամիկաձե անօդաչու թռչող սարքը գրոհել է Վալույսկի քաղաքային շրջանի Նովոպետրովկա գյուղից դուրս եկող ավտոմեքենայի վրա: Գրոհի պահին այնտեղ է գտնվել երեք հոգուց բաղկացած մի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց մեծահասակ դուստրը։ Տեղի է ունեցել ամենասարսափելին՝ մահացել է դուստրը: Ստացած վերքերից նա տեղում մահացել է` մինչև շտապ օգնության բրիգադի հասնելը», - գրել է Գլադկովն իր Telegram ալիքում։
Նա հավելել է, որ տուժած տղամարդն ստացել է բազմաթիվ բեկորային վերքեր ու ոտքերի կոտրվածք, իսկ նրա կինը՝ դեմքի և կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վերքեր։
Միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում նույնպես հայտնել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին։ Ըստ պաշտպանության նախարար Նատալիա Պաշչենկոյի՝ նախնական տվյալներով 20 մարդ, այդ թվում՝ 8-ամյա երեխա է վիրավորվել Լուգանսկի գնդակոծության հետևանքով։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։