ՄՈՍԿՎԱ, 05 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը, որը նվիրված էր Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին, բացման խոսքով հանդես է եկել պատմաբան-արվեստաբան, գիտությունների դոկտոր, Տրետյակովյան պետական թանգարանի փոխտնօրեն Տատյանա Կարպովան։ Վերջինս ներկայացրել է բժիշկ-կոլեկցիոների կենսագրությունը, նշել, որ նրա հավաքածուի մեջ ընդգրկված են Վրուբելի, Սոմովի, Բորիսով-Մուսատովի, Ուտկինի և այլ ականավոր գեղանկարիչների աշխատանքներ, որոնք նա 1980թ․-ին նվիրել է Հայաստանին։
«1984 թվականին այդ նկարներով Երևանում պաշտոնապես բացվել է ռուսական արվեստի թանգարանը։ Այն Ռուսաստանից դուրս իր տեսակով ու ընդգրկունությամբ առաջինն է, ինչը հրաշալի եւ զարմացնող է։ Հավաքածուն հայկական երանգներ ունի եւ ընդգրկում է նաեւ Ռուսաստանում կրթություն ստացած հայ ականավոր գեղանկարիչների աշխատանքներ (Սարյան, Բաշինջաղյան, Թադեւոսյան)»,- նշել է Կարպովան եւ ավելացրել, որ Տրետյակովյան պատկերասրահն ու Երևանի ռուսական արվեստի թանգարանը տարիների ընթացքում ամրացած հարաբերություններ եւ համագործակցության նախանշված ծրագրեր ունեն։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով ներկաներին նախ փոխանցել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը, ապա նշել, որ նման միջոցառումները մեկ անգամ եւս հաստատում են, որ աշխարհի հետ կարելի է եւ պետք է խոսել արվեստի ու մշակույթի լեզվով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ դեսպանության կողմից Վլադիմիր Գաբբեն Լազարեւների տան պատվո նշաններ է հանձնել նաև ծրագրի կազմակերպման պատասխանատուներին՝ Երևանի ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանին եւ Տրետյակովյան պետական թանգարանի գլխավոր տնօրեն Ելենա Պրոնիչեւային, իսկ թանգարանի փոխտնօրեն Տ․ Կարպովան պարգեւատրվել է պատվո դիպլոմով։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Երևանի ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, արվեստագետներ, ինչպես նաև միջոցառման կազմակերպմանն օժանդակած բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, Ռուսաստանի մշակույթի գործիչներ։