Միջազգային

Իսրայելը Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել. Human Rights Watch

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել. Human Rights Watch

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը 2023 թ. հոկտեմբերից ի վեր սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել Լիբանանի հարավում՝ «լուրջ վտանգի տակ դնելով քաղաքացիական անձանց և նպաստելով նրանց տեղահանմանը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել իր կայքում:

«Human Rights Watch-ը հաստատել է 2023 թ. հոկտեմբերից ի վեր իսրայելական զորքերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործումը Լիբանանի հարավային առնվազն 17 մունիցիպալիտետներում, այդ թվում՝ հինգ մունիցիպալիտետում, որտեղ օդում պայթող զինամթերքն անօրինական կերպով կիրառել են բնակելի շրջաններում», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Իրավապաշտպան կազմակերպությունը նման եզրակացությունների է հանգել հարավային Լիբանանի ութ բնակիչների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո, ինչպես նաև դիտարկելով երկրի այս հատվածից արված շուրջ հինգ տասնյակ լուսանկարներն ու տեսանյութերը:

Նշվում է, որ հինգ մունիցիպալիտետներում օդում պայթած ֆոսֆոր պարունակող զինամթերքն ընկել է բնակելի շենքերի տանիքներին։ Բնակավայրերից մեկի ղեկավարը հայտնել է, որ արդյունքում երկու մարդ շնչահեղձությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Կազմակերպության տվյալներով՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման պատճառով Լիբանան-Իսրայել սահմանի մի շարք գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց մշտական ​​բնակության վայրերը։

Կազմակերպությունը մեջբերում է Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները, որոնց համաձայն՝ մայիսի 28-ի դրությամբ սպիտակ ֆոսֆորի ներգործությունից առնվազն 173 մարդ է տուժել 2023 թ. հոկտեմբերից ի վեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում