Միջազգային

Լիտվան հայտարարել է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի երկրների խոշոր զորավարժությունների մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

Լիտվան հայտարարել է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի երկրների խոշոր զորավարժությունների մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթիկ ծովում hունիսի 5-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի BALTOPS 24 լայնածավալ զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդագրություն են տարածել Լիտվայի զինված ուժերը:

Լիտվական կողմը Կլայպեդայի նավահանգստում զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակներում սպասում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ավելի քան 30 ռազմանավի, ավելի քան 4 000 զինվորական նավաստիների, ծովային հետևակների, ռազմածովային ավիացիայի և ռազմածովային ուժերի այլ մասնագետների։

Հունիսի 5-6-ին Կլայպեդա ժամանող նավերի ներկայացուցիչները կմասնակցեն ծովում գործողությունների համակարգման խորհրդաժողովին։ Լիտվայում այն անցկացվում է երկրորդ անգամ:

Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն ծովային դեսանտի ափհանում, կրակային աջակցություն, հակասուզանավային պայքար, հակաօդային պաշտպանություն, ականների որոնում և վնասազերծում, վերջրյա և ստորջրյա հեռակառավարվող սարքերի գործողություններ և այլն։

Լիտվայի ռազմածովային ուժերի հրամանատար Գեդրյուս Պրեմենեցկասն ավելի վաղ հայտնել էր, որ ռազմավարական զորավարժությունների նպատակներից մեկը «ՆԱՏՕ-ի միասնությունը, ագրեսորներին ցանկացած հակահարված տալու վճռականությունը ցուցադրելն է»:

Շվեդիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջին անգամ է մասնակցում զորավարժություններին։ Սակայն երկիրը BALTOPS-ի անդամ է 1990 թվականից։

Զորավարժությունները կազմակերպվում են Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության և ԱՄՆ 6-րդ նավատորմի կողմից: Զորավարժությունների հրամանատարությունն ու ղեկավարումը կապահովի ՆԱՏՕ-ի հարվածային ուժերի և աջակցության շտաբը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում