ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արա Մալիկյանն աշխարհի լավագույն ջութակահարներից է՝ Ranker պորտալի հարցումների համաձայն: Նա հերթական անգամ դա ապացուցեց՝ ելույթ ունենալով երևանյան բեմում: Վիրտուոզ ջութակահարը, համերգը նվիրելով Կոմիտասի 155-ամյակին, երեկոն սկսեց կատարյալ մթության և լռության մեջ՝ կատարելով մեծն կոմպոզիտորի «Կռունկ»-ը: Դահլիճը հուզված էր, տպավորված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երևանյան համերգը տեղի ունեցավ հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մալիկյանն ասաց՝ ուրախ է վերադառնալ Երևան, հանդիպել իր ունկնդրին, միայն վատ է զգում, որ այնքան էլ լավ չի խոսում հայերեն: Կատակով նշեց՝ իր հայերենը «գեշ» է: Պատրաստվում էին նվագել 28 ժամ 33 վայրկյան, սակայն երաժիշտը խնդրեց չհավատալ իրենց:
Ջութակահարին նվագակցում էին երաժիշտներ, որոնց հետ ծանոթացել է երեսուն տարի առաջ Կուբայում։ Նրանք էին դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը: Ակնհայտ էր, որ երկար ճանապարհ են անցել և հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում, քանի որ ներդաշնակ էին, միմյանց հասկանում էին մի հայացքից:
Պարզվեց՝ Մալիկյանը շատ լավ հումորի զգացում ունի և պատմելու հիանալի կարողություն: «Երբ փոքր էի, իմ մասին հոգ էին տանում քույրերս, որոնցով շատ հպարտ եմ: Հիմա տարբեր երկրներում ենք ապրում, սակայն երբեք չենք կորցնում կապը: Տարիներ առաջ մի ստեղծագործություն հորինեցի մորս համար, երբ մեծ քույրս իմացավ այդ մասին, զանգահարեց և ասաց, որ իրեն ևս պետք է մի ստեղծագործություն նվիրեմ»,-հիշեց Մալիկյանը: Հետո ջութակահարին է զանգահարել մյուս քույրն ու նույնն ասել: Չնայած զբաղվածությանը՝ Մալիկյանը մի գործ է գրել՝ այն նվիրելով երկու քույրերին: Կատակով նշեց՝ երբ լսել են այն, ավելի քան մեկ ամիս իր հետ չեն խոսել և պահանջել, որ այն չնվագի: Մալիկյանը կատարեց այն՝ խնդրելով չնկարել ու չտարածել համացանցում:
Արտիստն անմիջական էր. ոչ միայն նվագում էր՝ խաղալով երաժշտասերների սրտի լարերի հետ, այլև պարում, զարմացնում իր սպորտային թռիչքներով, արտիստիզմով ու խենթությամբ: Մալիկյանն այնպես էր նվագում, որ նրա ջութակի լարերի հետ կծկվում էիր, հետո խորը շունչ քաշում ու սպասում, թե հետո ինչ է լինելու:
Մալիկյանը Երևանում էր The Ara Malikian World Tour-ի շրջանակում: Մի առիթով նա նշել է. «Երբ տեսա, թե ինչպես է որդիս ամիսներ շարունակ տևած անկումներից, անհաջող փորձերից և ճիգերից հետո իր առաջին քայլերն անում, հասկացա, որ բոլորս էլ ժամանակին ունեցել ենք այդ ուժը, որ հետզհետե մոռացվել է։ Երեխաները քնքուշ են, չեն վախենում սխալվել: Երբ նայում ես մանկանը, հասկանում ես՝ ով ես եղել, թե որքան երկար ժամանակ է, որ քեզ զրկել ես այդպիսին լինելուց։ Այս շրջագայությունը ծնվել է իմ դիտարկումների արդյունքում, երբ հետևել եմ, թե ինչպես է մեծանում իմ որդին, ինչպես եմ հասակ առնում նրա հետ։ Այստեղ այն հնչյուններն ու մեղեդիներն են, որ արտահայտում են իմ զգացողությունները և զավակիս միջոցով ոգեշնչել են ինձ: Շրջագայությունը լի է դինոզավրերով, ռոբոտ-ութոտնուկներով, ժամանակի մեքենաներով, թռչող դաշնամուրներով և երկլեզու միմոսներով։ Սա այն ալբոմն է, որը մոռացության էի մատնել, բայց որը հզոր ներգործություն ունի»:
Ջութակահարը կատարեց նաև իր որդուն, իր հորը նվիրված ստեղծագործություններ՝ սեր խոստովանելով թե՛ նրանց, թե՛ հանդիսատեսին:
Սպասված էր նաև ֆրանսիական հայտնի «Տաքսի» ֆիլմի երաժշտության յուրահատուկ կատարումը, որի ընթացքում հանդիսատեսը չափազանց ակտիվ էր:
«Ես խոստացել էի նվագել 28 ժամ, սակայն մարմինս այլևս չի դիմանում: Ստիպված ենք նվագել վերջին կտորը: Այն նվիրում եմ մեր հայրենիքին: Ուրախ ենք այստեղ լինել: Մենք հույսի, լույսի կարիք ունենք: Ցանկանում եմ, որ հայերը լավ ապրեն, ուրախ ապրեն: Կներեք, բայց բառերը չեն հերիքում: Շատ շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ»,-ասաց ջութակահարն ու մեղեդային կատարմամբ ավարտեց համերգը:
Հանդիսատեսը կանգնած և բուռն ծափահարություններով, «բրավո» վանկարկումներով ճանապարհեց արտիստին՝ հույս ունենալով, որ նրա հաջորդ համերգը չի ուշանա:
Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց՝ դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ, գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։
Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։
Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում և թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։
2019-ին Մալիկյանի Royal Garage համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը:
Արա Մալիկյանի Petit Garage շրջագայությունն էլ համաճարակի և նախորդ տուրնեի արդյունք է եղել: Այն վերածվել է դաշնամուրի և ջութակի զգացմունքայնությամբ լի շոուների, որոնք տեղի են ունեցել փոքր դահլիճներում։ Համերգներն անցել են մտերմիկ մթնոլորտում, հետաքրքիր հույզեր փոխանցել հանդիսականին: Այդ համերգներով Մալիկյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Դուբայի օպերայից մինչև Մեքսիկայի Միչոական և Մադրիդի թագավորական պալատ։
Երևանյան համերգը նախաձեռել էր «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Դավիթ Ջոտյանի