Մոդիի կոալիցիան ստացել է տեղերի մեծամասնությունը Հնդկաստանի խորհրդարանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային դեմոկրատական դաշինքը» (NDA – National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP – Bharatiya Janata Party) գլխավորությամբ, ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում NDTV պարբերականի կողմից հրապարակվող պաշտոնական արդյունքները, որոնք հիմնված են ընտրատարածքներից ստացվող թարմացվող տվյալների վրա։
Վերջին տվյալների համաձայն՝ Մոդիի կոալիցիան ստացել է 298 տեղ խորհրդարանի 543-տեղանոց ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում։
Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance - «Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում նշել է, որ կայացած ընտրությունների վերաբերյալ տվյալները շարունակում են ստացվել տարբեր նահանգներից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել բոլոր ձայների հաշվարկին ու հաստատմանը։ Վերջնական պաշտոնական տվյալները կներկայացվեն մինչև օրվա վերջը։
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ Մոդիի կոալիցիան արդեն ապահովել է իր հաղթանակը, թեև խորհրդարանում չի ստացել նախատեսված 400 տեղերը և կարող է նույնիսկ չկրկնել հինգ տարվա առաջ գրանցած արդյունքը։ 2019 թվականի ընտրություններում NDA-ը Լոկ Սաբհայում ստացել էր 353 տեղ։ Ամեն դեպքում, նախնական տվյալները վկայում են այն մասին, որ Մոդին այժմ կկարողանա երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
Հնդկաստանի ընդդիմությունը ցուցաբերել է շատ ավելի լավ արդյունքներ, քան կանխատեսվում էր:
Հնդկաստանում յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին։