Հասարակական

ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և շնորհավորել նշանակման ու կարևոր հանձնառության ստանձնման առթիվ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալության է հայտնել ՄԱԿ-ի հետ տարբեր ուղղություններով երկարամյա համագործակցության համար և համոզմունք հայտնել՝ Ֆրանսուազ Ժակոբի նշանակմամբ արդյունավետ ծրագրերն առավել ակտիվ ընթացք կստանան: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և կառույցների միջոցով ստացվող հետևողական աջակցությունն ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի իրականացման նպատակով:

«Այս համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում ներկայացվում է որպես հաջողված փորձերից մեկն առ այն, թե ինչպես կարելի է սկսել գործընկերությունը, այնուհետև այն ամբողջությամբ փոխանցել պետությանը: Կարևոր է նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ առանձնացնելով համագործակցությունը հատկապես ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործընթացում:

Ըստ աղբյուրի՝ Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է նաև կրթություն-աշխատաշուկա կապին նվիրված «Edu2Work» էլեկտրոնային հարթակի ստեղծումն ու դրա փոխանցումը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։

Նշվում է, որ Ֆրանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը ՄԱԿ-ի կարևոր գործընկերներից է, և հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կազմակերպության առաջնահերթություններից է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ տարատեսակ վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շուրջ աշխատանքները շուրջ 3 տարի են տևել:

«Ընդունել ենք բոլորովին նոր օրենք, որը հնարավորություն է տալիս էապես փոխել մասնագիտական կրթության որակը մեր երկրում՝ հիմնվելով դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման վրա: Սա մեզ համար ռազմավարական ուղղություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը քննարկել են նաև մշակութային ժառանգության պահպանության, սպորտի և երիտասարդության ուղղություններով համագործակցության առկա իրավիճակն ու ընդգծել դրա զարգացման մեծ ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով այն առավել խորացնելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում