Միջազգային

Բելառուսի ԳՇ-ից վստահեցրել են, որ ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններն ընթանում են առանց միջադեպերի

2 րոպեի ընթերցում

Բելառուսի ԳՇ-ից վստահեցրել են, որ ՌԴ-ի հետ համատեղ  միջուկային զորավարժություններն ընթանում են առանց միջադեպերի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Բելառուսի կողմից անցկացվող միջուկային զորավարժություններն ընթանում են նախատեսվածի համաձայն՝ առանց միջադեպերի ու պատահարների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Բելառուսի գլխավոր շտաբի պետի գիտական ​​աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Թումարը։

«Զորավարժություններն ընթանում են ըստ պլանի, միջադեպեր չկան, պատահարներ չկան, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ լավ է»,- ասել է նա «Մինսկ-Մոսկվա» միութենական հոսքի եթերում։

Ավելի վաղ՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է՝ մոտ ապագայում վարժանքներ անցկացնելու Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի և ռազմածովային նավատորմի ներգրավմամբ։ Երկրի ղեկավարը ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկումներին միտված զորավարժություններն անվանել է պլանավորված գործունեություն, որում ոչ մի արտառոց բան չկա։

Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով։ Երկրորդ փուլում զորավարժությանը կմիանա նաև Բելառուսը, որի տարածքում տեղակայված են ոչ ռազմավարական միջուկային զենքեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում