Միջազգային

Հալեպի արվարձանների հրթիռակոծության հետևանքով կան զոհեր. ԶԼՄ-ներ

3 րոպեի ընթերցում

Հալեպի արվարձանների հրթիռակոծության հետևանքով կան զոհեր. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական դիրքերի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է կառավարական ուժերի և շիա աշխարհազորայինների կազմավորումների առնվազն 17 մարտիկ։ Եվս 15 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Hadath լրատվամիջոցը։

Հարձակման է ենթարկվել քաղաքի հարավ-արևելյան Հայյանի շրջանը, որտեղ որոտացել են հուժկու պայթյուններ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել և խոցել իսրայելական մի քանի հրթիռ։

Իր հերթին սիրիական SANA գործակալությանը, վկայակոչելով ռազմական գերատեսչության իր աղբյուրին, հաղորդում է, որ զոհերի շրջանում կան քաղաքացիական անձինք, պատճառվել է նյութական վնաս։

«Երկուշաբթի կեսգիշերից հետո՝ մոտավորապես ժամը 00:20-ին, իսրայելական հակառակորդը Հալեպի հարավ-արևելքի ուղղությամբ օդային հարվածներ է հասցրել հրթիռներով՝ թիրախավորելով Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի օբյեկտներ», - նշում է SANA-ն։

Ըստ Al-Arabiya հեռուստաալիքի՝ հարձակման ենթարկված Հայյանի շրջանում տեղակայված է սիրիական բանակի կողմից կռվող շիաների «Հեզբոլլահ» կազմավորման ճամբարը։ Այնտեղ են մեկնել շտապօգնության մեքենաներ ու հրշեջ խմբեր։

Մայիսի 30-ին Սիրիայի Հոմսի նահանգում ռազմակայանի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել էր 6 շիա մարտիկ: Ըստ հրապարակումների՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել էին Էլ Ֆուրուկլուս բնակավայրում գտնվող օբյեկտների վրա։ Ոչնչացվել էին մի քանի բենզատարներ, ինչը դարձել էր խոշոր հրդեհի պատճառ։

Իսկ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ 2024 թվականի սկզբից Իսրայելի ռազմաօդային ուժերը 34 անգամ հարվածներ են հասցրել Սիրիայի շրջաններին։ Դրանց զոհ է դարձել 13 խաղաղ բնակիչ, կառավարական ուժերն ու շիաների կազմավորումները կորցրել են մոտ 40 մարտիկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում