Միջազգային

Հայիթիի նոր վարչապետ է նշանակվել Գարի Կոնիլը

2 րոպեի ընթերցում

Հայիթիի նոր վարչապետ է նշանակվել Գարի Կոնիլը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայիթիի անցումային խորհուրդը երկրի վարչապետ է ընտրել Գարի Կոնիլին։ Նա վարչապետի պաշտոնում Հայիթին կարճ ժամանակով ղեկավարել էր մոտ մեկ տասնամյակ առաջ՝ 2011 թ․ նոյեմբերից մինչև 2012 թ․ մայիսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ անցումային խորհուրդը Կոնիլին ժամանակավոր վարչապետ է ընտրել 6 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։

Այժմ անցումային խորհուրդը, որը նաև նախագահական լիազորություններ ունի, ըստ երկրի սահմանադրության, պետք է ընտրություններ անցկացնի մինչև 2026 թ․ փետրվարի 7-ը։

Մարտին Հայիթիի վարչապետ Արիել Հենրին հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ մեկնել էր Քենիա՝ ստորագրելու Հայիթիում բազմազգ անվտանգության ուժեր տեղակայելու վերաբերյալ համաձայնագիր, սակայն հանցախմբերը խռովություն էին բարձրացրել և նրան թույլ չէին տվել վերադառնալ երկիր:

2021 թվականին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկիրը նախագահ չունի։ Երկրի ղեկավարությունը նրա մահից հետո ստանձնել էր Արիել Հենրին, սակայն նոր ընտրություններ չէր կազմակերպել, ինչպես նախատեսվում էր։

Հանցախմբերը շարունակում են ահաբեկել Հայիթին։ Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ Հայիթիում կա ավելի քան 360 000 ներքին տեղահանված, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում