Քաղաքականություն

ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։

Ջաբարովը նաև հավելել է, որ Մոսկվան աշխատելու է Հայաստանում գործող ցանկացած իշխանության հետ։

«Գլխավորն այն է, որ այնտեղ (խմբ․ Հայաստանում) ոչ մի մարդկային զոհ չլինի»,- ասել է նա։

Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ի գործընկերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), թեև վերջին շրջանում Երևանում ավելի ու ավելի են խոսում կառույցից դուրս գալու մասին։

«Բացի այդ, այն Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Նա բավականին ամուր դիրքեր ունի»,- ասել է պաշտոնյան։

Վլադիմիր Ջաբարովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հայտարարում է, որ Հայաստանի բնական դաշնակիցն է և հույս ունի, որ այդպես էլ կմնա ապագայում։

«Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանն է»,- եզրափակել է Ջաբարովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում