Նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել է  232 քաղաքացի. ՆԳՆ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ի ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասներ ներկայացնելով հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ:

Գերատեսչության տվյալներով՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ 6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարանի Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:

Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժամը 08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։

Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանումներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։

Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։

Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել/սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 13 դեպք պատահար, որից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ) և 11 դեպք՝ բնակելի շենք շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։

Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության (ԵՓՎ) հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ)՝ 1 և 2 օպերատիվ խումբ (ՃԿԱԿ, ԵՓՎ ՀՓԱԿ)։

ԵՓՎ-ից 8 մարտական հաշվարկ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ՀՆՓԱԻԿ 1 խումբ - 2 դեպքում իրականացրել են քարշակում։

Երևան քաղաքում, նախնական տվյալներով, ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

Նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:

Ժամը 11։30-ի դրությամբ դեպքերի վայրերում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ