2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում տեղի է ունեցել «Կամերտոն սոլիստ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աՍա «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության ավանդական դարձած նախաձեռնություններից է, որի նպատակն է պատանի տաղանդավոր կատարողների բացահայտումը, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանի մշակութային համագործակցության սերտացումը:
Այս տարի հայտ են ներկայացրել 160-ից ավել մասնակիցներ՝ 5 երկրներից՝ Հայաստան. Ռուսաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ։
Դաշնամուր, Լարային գործիքների, Փողային և հարվածային գործիքների անվանակարգերում լավագույնս դրսևորվեցին թե՛ Երևանի, թե՛ մարզերի և թե՛ օտարերկրյա մասնակիցները՝ գրավելով 13 Մեծ և 27 առաջին մրցանակներ:
Հաղթողների քանակն առաջացրեց 2 համերգների անհրաժեշտություն. Գալա համերգ՝ Մեծ մրցանակակիրների մասնակցությամբ, Սոլիստների համերգ՝ առաջին մրցանակակիրների, որը տեղի կունենա մայիսի 24-ին Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի Մեծ դահլիճում։
Մրցույթի ժյուրիի կազմում են բարձրակարգ մասնագետներ, մեր ժամանակի հայտնի կատարողներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, թե՛ ՀՀ և թե՛ եվրոպական կոնսերվատորիաների պրոֆեսորներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ: