Իրանը սպառնացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին
2 րոպեի ընթերցում
![Իրանը սպառնացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/JnsuOOdRA3LRqZ4HFP7Lk5wCu0SPL9YUwEPibfOG.webp)
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Եթե (ԱՄՆ-ն) մեզ սպառնա, մենք կսպառնանք նրանց: Եթե նրանք իրականացնեն այդ սպառնալիքը, մենք նույնպես կիրականացնենք սպառնալիքը: Եթե նրանք գրոհեն մեր ժողովրդի անվտանգության վրա, մենք, անկասկած, նույնպես կգրոհենք նրանց անվտանգության վրա»,- ասել է Խամենեին երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը ոչ մի բանակցություն չպետք է վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ «նրանք մեկ անգամ արդեն խաբել են Թեհրանին. նրա հետ կնքել են միջուկային գործարք, չեն կատարել դրա պայմանները, չեն հանել հակաիրանական պատժամիջոցները և միակողմանիորեն խզել են համաձայնագիրը»։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին։ Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի հաճախակի կիրառել դա։
Արձագանքելով Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանի վրա ճնշում գործադրելու փորձը կձախողվի։ Նա նաև նշել է, որ եթե միակ խնդիրն այն է, որ Իրանը միջուկային զենք չստեղծի, ապա դրան հնարավոր է հասնել։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ կնքել միջուկային հաշտության համաձայնագիր, որը թույլ կտա Թեհրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում: Թրամփը կոչ է արել անհապաղ սկսել աշխատանքը նման փաստաթղթի վրա։