Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աշխատում է ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շուրջ օրինագծի վրա

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աշխատում է ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շուրջ օրինագծի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ շարունակվում է աշխատանքը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնատար անձանց պատժամիջոցների ենթարկելու շուրջ օրինագծի վրա այն բանից հետո, երբ ՄՔԴ դատախազը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի երեք պարագլուխների ձերբակալելու հրամանի դիմում է ներկայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill հրատարակությունը:

«Մենք աշխատում ենք այն հարցի շուրջ, թե որն է լինելու լավագույն տարբերակը: Կարծում եմ՝ դա կլինի երկկուսակցական որոշում», - ասել է Ջոնսոնը:

Լրագրողների այն հարցերին, թե արդյոք օրինագիծը կներառի կոնկրետ պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են ձերբակալման հրաման պահանջելու մեջ, Ջոնսոնն ասել է. «Դա կլինի բաղադրիչներից մեկը»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 21-ին Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում ասել է, որ վարչակազմն ուրախ կլինի աշխատել օրենսդիրների հետ՝ ՄՔԴ-ի դեմ գործողություններ ձեռնարկելու շուրջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման հրամանի դիմում ստանալու վերաբերյալ ՄՔԴ դատախազ Քարիմ Խանի հայտարարությունը՝ նշելով, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարության նշան չկա։

Նեթանյահուն նույնպես խստորեն դատապարտել է ՄՔԴ դատախազի հայտարարությունը։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի, շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Դիաբ Իբրահիմ ալ Մասրիի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի ձերբակալման հրամաններ ստանալու համար՝ նշելով, որ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ նրանք պատասխանատվություն են կրում «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

ՄՔԴ-ի դատավորներն այժմ պետք է դիտարկեն վերոնշյալ պաշտոնյաներին ձերբակալման հրամաններ տալու հարցը, իսկ հաստատման դեպքում ՄՔԴ-ի անդամ երկրները պարտավոր են հնարավորության դեպքում ձերբակալել նրանց։

Ի դեպ, Իսրայելը և նրա դաշնակից ԱՄՆ-ն ՄՔԴ-ի անդամներ չեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում