ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գրողների միությունում մայիսի 20-ին տեղի ունեցավ արձակագիր Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» վիպակների «Հայը. ինքնանկար» հայապատումների ժողովածուների ու «Փոխատեղումներ» գրախոսությունների, հարցազրույցների շարքի շնորհանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադառնալով հեղինակի «Փոխատեղումներ» գրքին, կարևորեց գրական-մշակութային միասնականությունը, այդ համատեքստում շեշտելով Ռաֆայելյանի հետաքրքրությունն ու սերը ոչ միայն թեմայի, այլ նաև այն մարդկանց նկատմամբ, ում հետ զրույց է վարել։
«Այս գրքում Կարինեն փորձել է մեկնաբանել գրողներին, նրանց գրվածքները, և, բարեբախտաբար, գովեստներ չէ, որ անձրևատարափի պես նա հեղինակել է, այլ՝ վերլուծություն, որովհետև գրականագետի անելիքը ոչ թե հեղինակին գովելն է, այլ նրա գործը վերլուծելը»,-ասաց Միլիտոնյանը։
Նրա նշեց, որ Ռաֆայելյանն իր մտածումները Աղասի Այվազյանի, Հովհաննես Թումանյանի, Հրանտ Մաթևոսյանի, Վիլյամ Սարոյանի և տարբեր սերունդների մտավորական հնչեղ անունների վերաբերյալ դարձրել է գիրք ու ներկայացրել ընթերցողներին։
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի դիտարկմամբ՝ Կարինե Ռաֆաելյանը մի առանձնահատուկ ձգողականությամբ արվեստագետների, գրողների, մշակութային գործիչների մի ամբողջ համապատկեր է համախմբում իր ղեկավարած Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և իր անձի շուրջ։
«Ես խորապես բարձր եմ գնահատում նրա տեղը մեր մշակութային կյանքում, հատկապես՝ այս վերջին տարիների ընթացքում, երբ մեր մշակութային օջախները կարիք են զգում դեպի իրենց բերող գործիչների»,-ասաց Մուրադյանը՝ կարևորելով կենտրոնաձիգ մշակութային գործունեությունն ազգային արժեքների շուրջ, որը Ռաֆայելյանի համար վաղուց կենսակերպ է դարձել։
Արձակագրի ներդրումը ժամանակակից հայ գրական կյանքում և նրա գեղարվեստական, հրապարակախոսական գործերն արժևորեցին նաև շնորհանդեսին ներկա գործընկերներն ու մշակութային գործիչներ։
Հայաստանի վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանն ընթերցեց հատվածներ Ռաֆայելյանի արձակ ստեղծագործություններից։
Հեղինակի խոսքով՝ «Հայը. ինքնանկար» հայապատումների գաղափարը ծնվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ իրեն առաջարկվել է հայկական թեմատիկայով հոդված գրել Բեյրութում լույս տեսնող հանդեսի համար։
«Ես մտածեցի, որ ավել լավ շեշտադրում, քան՝ Դեմիրճյանի «Հայը», հնարավոր չէ գտնել։ Ես ուզում եմ ասել, որ եթե Խորենացու «Պատմություն»-ը մեր գոյության անձնագիրն է, ապա Դեմիրճյանի «Հայը» մեր տեսակի անձնագիրն է»,-ներկայացրեց Ռաֆայելյանը՝ ավելացնելով, որ հայապատումների ժողովածուն կազմելը և հրապարակելն առավել արդիական էր հատկապես ներկա գոյաբանական խնդիրների համատեքստում՝ ավելի սթափ հայացքով ներսը նայելու և մեծերի խոսքը լսելու առումով։