Գիտությունից՝ ձեռներեցություն․ ԳՏՃՄ ոլորտի 100 հայ կանայք սկսում են իրենց ուղին «Նորարար կանայք» ծրագրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տրվեց է «Նորարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ իր շուրջը հավաքելով ԳՏՃՄ ոլորտի 100 հայ կանանց, ծրագրի հմուտ դասընթացավարական խմբին և անվանի հյուրերի Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունից, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարություններից, գործարար, ակադեմիական և ստարտափ համայնքներից:

«Նորարար կանայք» կամ «Women Innovators» (WIN) ծրագիրն իրականացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ և Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ՝ 2,5 ամիս տևողությամբ անվճար դասընթացներ առաջարկելով ԳՏՃՄ ոլորտում ներգրավված կանանց և զինելով նրանց սեփական գաղափարների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքով, մտածելակերպով ու հմտությամբ:

Բացման խոսքում FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը նշել է, որ ծրագիրը նպատակ ունի խթանելու Հայաստանում այնպիսի էկոհամակարգի ձևավորումը, որտեղ գիտահեն ստարտափների ձևավորումը և միջազգային հաջողությունը ոչ թե բացառություն, այլ համակարգային տրամաբանություն են. «ԳՏՃՄ ոլորտում ունենալով համաշխարհային միջինը զգալիորեն գերազանցող կանայք և աղջիկներ, մենք տեսնում ենք, որ դրա հետ խիստ փոխկապակցված ստարտափ աշխարհում կին հիմնադիրները քիչ են: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է իրացնել այն հսկայական ներուժը, որ հայ կանայք ունեն այս ասպարեզում: Հենց այս հարցերին ի պատասխան էլ ձևավորվել է WIN-ը»:

«Նորարար կանայք» ծրագրի ղեկավար Լարիսա Ավետիսյանը, իր հերթին, նշել է․«Ծրագիրը յուրահատուկ է դարձնում այն, որ թիրախում ոչ թե արդեն որոշակի միտք ունեցող կանայք են, այլ նրանք, որոնք դեռ նոր են մտնում գաղափարի մշակման փուլ: Սահմանափակումներ չկան. յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու նախապատրաստվելու գիտությունից ձեռներեցության անցման նախնական փուլում հնարավոր բոլոր գործոններին՝ միջավայրային կամ անհատական խոչընդոտներին, ներդրողներին համոզելու և կապեր ստեղծելու հմտությանը»:

Ծրագրի մասնակից՝ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանող Սոսե Մարկոսյանը, կիսելով իր սպասելիքները, նշել է, որ ցանկանում է ավելի շատ իմանալ ձեռներեցության ու գիտության հետ դրա կապի մասին․ «Կարծում եմ շատ լավ հնարավորություն է հետաքրքրություններս զարգացնելու համար։ Ինձ շատ գրավեցին WIN-ի մասնագիտական կազմն ու կազմակերպչական թիմը և շատ ուրախ եմ, որ նրանց հետ աշխատելու հնարավորություն եմ ունենալու»։

Միջոցառման երկրորդ հատվածում Հայաստանում նորարարության ոլորտում կանանց դերի ու ներգրավվածության շուրջ պանելային քննարկում են ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը, Spacetab-ի գործադիր տնօրեն Նարինե Կոտիկյանը և Impact Hub Երևանի հիմնադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Քննարկման վարող՝ FAST-ի Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռուբեն Օսիպյանի հետ զրույցում բոլոր խոսնակներն ընդգծել են կանանց դերը տնտեսության զարգացման գործում:

«Նորարար կանայք» ծրագրի դասընթացները կմեկնարկեն մայիսի 21-ին:

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում