Հասարակական

Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 

2 րոպեի ընթերցում

Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՎԶԵԲ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ՄոլդովայումՀայաստանի պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին՝ Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգիռ է երկկողմ հարաբերությունները զարգացնել որոշակի ուղղություններով։

Ըստ աղբյուրի՝ դեռևս 2000 թվականին Երևանն ու Քիշնևը դարձել են քույր քաղաքներ։ Այժմ հաստատման փուլում է երկու մայրաքաղաքների համագործակցության համաձայնագիրը։«Մեզ համար կարևոր է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որի հիմքը մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունն է: Մենք մեծապես կարևորում ենք հստակ ծրագրերի և նախագծերի իրականացումը, ինչպես նաև քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը»,- ընդգծել է Արմեն Փամբուխչյանը:

Նշվում է, որ Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը շնորհակալություն է հայտնել հյուընկալության համար և նշել, որ իրենք կարևորում են Երևանի հետ տնտեսական գործակցության հաստատումն ու խորացումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ քննարկվել են նաև կրթության, մշակույթի և քաղաքային տնտեսության այլ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես, առաջարկվել է Քիշնևում անցկացնել Հայաստանի ու Երևանի օրեր: Քննարկվել են նաև Երևանում հայազգի գործիչ Մանուկ Միրզոյանի հիշատակին նվիրված կիսանդրու տեղադրման մանրամասները:

Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս վերահաստատել է փոխգործակցության պատրաստակամությունն ու վստահություն հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կլինի երկկողմ արդյունավետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում