Միջազգային

Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման ծրագրերի միավորման աշխատանքը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարության մեջ, որն ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։

«Շարունակել Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման աշխատանքը՝ մի կողմից ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների և մյուս կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության՝ 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրականացման շրջանակներում, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման պլանների կապակցման ուղղությամբ՝ եվրասիական տարածաշրջանում տրանսպորտային կապակցվածության համապարփակ համագործակցության խորացման և ամրապնդման նպատակով»,- նշված է փաստաթղթում։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ փոխգործակցությունը՝ համաձայն այն սկզբունքների, որոնք ամրագրված են Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի միջև միջնաժամկետ հեռանկարում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզում, ինչպես նաև Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան տնտեսական միջանցքի ստեղծման ծրագրի իրականացման շրջանակներում:

Կողմերը կշարունակեն աշխատանքը Մեծ եվրասիական գործընկերության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգահեռ և համակարգված զարգացման մասին երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ Եվրասիայի պետությունների կայուն ինքնիշխան սոցիալ-տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում