Միջազգային

Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել, 7-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ի երեկոյան Ջաբալիայի ճամբարում: Իսրայելական զորքերը տվյալ հատված էին վերադարձել այս շաբաթ՝ ավելի վաղ հեռանալուց հետո, քանի որ, ըստ ԻՊԲ-ի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը սկսել էր վերախմբավորվել այնտեղ։

ԻՊԲ-ն հայտնել է, որ «մեր ուժերի կողմից բացված կրակի հետևանքով» զոհվել է 202-րդ գումարտակի դեսանտային բրիգադի 5 զինծառայող։

Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ տարածքում գտնվող երկու տանկեր երկու արկ են արձակել Ջաբալիայի փախստականների ճամբարի շենքերից մեկի վրա, որտեղ հավաքվել էին զինվորները։ Ըստ հետաքննության՝ տանկիստները շենքի պատուհաններից մեկից նկատել են հրացանի փող և կրակել են այդ ուղղությամբ։

Վիրավոր 7 զինվորներից 3-ի վիճակը ծանր է։

Այսպիսով, հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սկսված պատերազմի ընթացքում Գազայի հատվածում զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 278-ի։ Նրանցից 44-ն, ըստ ԻՊԲ-ի կայքի, զոհվել է «օպերացիոն միջադեպերի պատճառով»։ Եվս 348 զինվորներ այն 1200 զոհերի շարքում էին, որոնց սպանել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։

Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, զոհվել է ավելի քան 35 200 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում