Քաղաքականություն

Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի առումով ՀՀ իշխանությունը ճիշտ ուղու վրա է․ քաղաքագետը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին

7 րոպեի ընթերցում

Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի առումով ՀՀ իշխանությունը ճիշտ ուղու վրա է․ քաղաքագետը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը, հաշվի առնելով վերջին տարիներին իր շուրջը տեղի ունեցած իրադարձությունները, հետևություն է արել իր արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, և ակնհայտ է, որ այդ կողմնորոշման մեջ այլևս գերակա դերակատարություն չունեն Ռուսաստանն ու նրա կողմից ղեկավարվող բլոկները, ուստի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի առումով ՀՀ իշխանությունը միանշանակ ճիշտ ուղու վրա է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

1692270460.jpg (104 KB)

«Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը այն ճանապարհն է, որ միայն օգուտներ է բերելու մեր երկրին։ Տեսանելի է, որ այդ ճանապարհը հարթ չէ և լի է խոչընդոտներով։ Մենք կանգնած ենք արտաքին ուժերի կողմից ուղղորդվող ներքին մարտահրավերների առջև, բայցևայնպես պետք է անցնենք վերոհիշյալ ճանապարհը, որն այլընտրանք չունի։ Հուսանք, որ այդ համատեքստում հարևան Վրաստանում իրադարձությունները կհանգուցալուծվեն։ Թբիլիսիի փողոցները օրեր շարունակ ողողված են ցուցարարներով, որոնք պահանջում են իրենց իշխանությունից հետ կանչել պրոռուսական օրինագիծը, որը կարող է թիրախավորվել ԵՄ գործընկերների կողմից ու դառնալ սկզբունքային հարց Վրաստան-ԵՄ, ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների հետագա շարունակականության համար։ Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա մենք Հայաստանում պետք է կարողանանք մեր ներքին սպառնալիքներին, որոնք Երևանի փողոցներում են, դիմագրավել և դրանք կառավարել»,- ասաց Մկրտչյանը։

Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների անվտանգության բաղադրիչի մասին՝ քաղաքագետը բարձր գնահատեց եվրոպացի դիտորդների առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին։

«ԵՄ դիտորդների տեղակայումը սահմանագծի երկայնքով արդեն իսկ բերել է մեզ օգուտներ։ Գրանցվել են համապատասխան արդյունքներ, չկա այն լարվածության աստիճանն ու չափաբաժինը, որը կար մինչ այդ։ Տեսնում ենք, որ դիտորդների թվաքանակը կարող է մեծանալ։ Եվրամիությունը նույնիսկ չի բացառում իր դիտորդների տեղակայումը հայ-թուրքական սահմանին։ Հակառակորդ երկրները ԵՄ դիտորդներին վերաբերվում են լրջությամբ։ Դիտորդների ինստիտուտը, որը ներդրվել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, տալիս է ցանկալի արդյունքներ։ Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին ոչ մահաբեր, պաշտպանողական զենքեր մատակարարելու գործընթացին օգնել, բարձրացնել մեր երկրի անվտանգային դիմադրողականությունը։ Այն, ինչ Հայաստանը չի ստանում իր հիմնական դաշնակից Ռուսաստանից, բացը լրացնում է Եվրամիությունը և այդ գործընթացն արդեն իսկ գրանցում է համարժեք արդյունքներ։ Եվրոպական աջակցությունը ոչ թե սին խոսքերն են, այլ գետնի վրա արձանագրված փաստ»,- նշեց մեր զրուցակիցը։

Մկրտչյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը որևէ պարագայում ուղղված չէ տարածաշրջանային որևէ պետության դեմ՝ լինի Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, թե Վրաստանը։

«Թե՛ ներսից, թե՛ դրսից փորձ արվեց այդ գործընթացը ներկայացնել որպես հակաիրանական գործողություն, սակայն իրանցի գործընկերներն իրենց հայտարարություններում առնվազն լոյալ են՝ արձանագրելով, որ Հայաստանը որևէ միտում չունի իր հարևանների դեմ օգտագործել եվրոպացի դիտորդներին, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումն ու խորացումը։ Ընդհակառակը, սա բխում է հենց տարածաշրջանի երկրների շահերից։ Գործընթացն իբրև հակաիրանական ներկայացնելու փորձերն ուղղակի անիմաստ են։ Վրաստանը նույնպես իր հարաբերությունները խորացնում է թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ, և կարծեք Իրանը Վրաստանի մասով առարկություններ չի ներկայացրել, հետևաբար մեր մասով էլ պետք է թյուրընկալում չլինի։ Մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքն այդ ուղղությամբ բարձր եմ գնահատում։ Բազմիցս այցեր եղան Իրանի Իսլամական Հանրապետություն, այնտեղ հնչեցին բազմաթիվ հավաստիացումներ այն մասին, որ վերոհիշյալ գործընթացն ուղղված չէ հարևան պետության դեմ։ Իրենք էլ սրան մոտենում են փոխըմբռնմամբ»,- պարզաբանեց Մկրտչյանը։

Անդրադառնալով նաև ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը՝ քաղաքագետն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը վերջին վեց տարիներին տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում ունեցել է բավականին մեծ թերացումներ։

«Գուցե, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այդ ուղղությամբ գրեթե աշխատանք չի տարվել։ Օրվա իշխանությունը չի գնացել դրան, այդուհանդերձ ունենք տնային ահռելի աշխատանք։ Պետք է իրականացնենք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի կետերը, եվրոպացի ընկերներին կոչ անենք ըմբռնմամբ մոտենալ ու հասկանալ, որ Հայաստանի տնտեսությունը պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, և այդ առումով մեզ ևս պետք է տրամադրվեն որոշակի արտոնություններ ԵՄ-ի կողմից։ Այդ հարցերն իրականում լուծելի են։ Ցավոք, տնտեսական դիվերսիֆիկացիայի չիրականացումն այսօր խնդիրներ է հարուցել Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների սերտացման համար, բայց այդ խնդիրները ևս լուծելի են»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ մեր քաղաքացիներին պարզապես պետք է պատրաստել դրան, որպեսզի խուսափենք սոցիալական ընդվզումներից, արտաքին սպառնալիքներից։ Քաղաքագետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի ժողովուրդը ըմբռնմամբ ու վստահությամբ է մոտենում վերոհիշյալ գործընթացին։

Պատասխանելով հատկապես շարքային քաղաքացիներին հուզող վիզաների ազատականացման հարցին՝ Մկրտչյանը նշեց, որ վիզաների ազատականացումը նաև կբերի ՀՀ քաղաքացիների վստահության չափաբաժնի մեծացմանը Եվրամիության հանդեպ։

«Այդ ուղղությամբ նույնպես տարվում են աշխատանքներ։ Ուզում եմ դիմել ՀՀ-ում գործող դիվանագիտական հաստատություններին, որպեսզի այդ ուղղությամբ ևս քայլ առաջ արձանագրվի, ինչը բխում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման համատեքստից։ Վիզաների ազատականացումն արդեն իսկ փաստ է հարևան Վրաստանում։ Երբ ԵՄ-ն ազատականացնում է վիզային ռեժիմը կոնկրետ թիրախային երկրների համար, ապա դրանցում արտաքին քաղաքական կուրսի առումով գրանցվում են փոփոխություններ։ Մարդիկ դուրս են գալիս արտաքին աշխարհ, տեղի է ունենում նաև աշխատուժի փոխանակում։ Մեր պարագայում, հաշվի առնելով ժողովրդի շրջանում հայտնի արտագնա աշխատանքի մեկնողների ինստիտուտը, վիզաների ազատականացումը կլինի քայլ առաջ և կմեծացնի վստահության չափաբաժինը»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում