Միջազգային

Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

2 րոպեի ընթերցում

Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Orka գյուղատնտեսական արտադրողների կազմակերպության անդամ լեհ ֆերմերները հայտարարել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) շենքում հացադուլ սկսելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է լեհական Interia լրատվական հարթակը։

«Մենք հացադուլ ենք սկսում և այն չենք դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ չի հանդիպի վարչապետ Դոնալդ Տուսկը», - մեջբերում է լրատվական հարթակը հացադուլի կազմակերպիչների ղեկավար Մարիուշ Բորովյակի խոսքը։

Ըստ նրա՝ հացադուլի մասնակիցները, որոնք Վարշավա են եկել Լեհաստանի վարչապետի հետ հանդիպելու համար, միայն ջուր են խմելու։

Հացադուլի կազմակերպիչների ղեկավարը նաև քննադատել է Լեհաստանի գյուղատնտեսության փոխնախարար Միխալ Կոլոձեյչակին, որին հանձնարարված էր բանակցել ցուցարարների հետ՝ նշելով, որ նա լավ չի ներկայացնում ֆերմերների շահերը:

Մայիսի 13-ին Կոլոձեյչակը Polsat հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «ֆերմերների բողոքի ակցիաները մեծ մասամբ ավարտվել են, իսկ բողոքները, որոնք դեռ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, կազմակերպվում են քաղաքական պատվերով»:

Լեհ ֆերմերները բողոքի զանգվածային ցույցեր են սկսել փետրվարի 9-ին։ Գյուղատնտեսական արտադրողները պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը և ուժեղացնել ազգային անասնաբուծությանն օժանդակումը։ Նրանք նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» ռազմավարությանը, որը կոչ է անում մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:

Մայիսի 7-ին Կատովիցեում տեղի է ունեցել ֆերմերների զանգվածային բողոքի ցույց՝ քաղաքում անցկացվող XVI Եվրոպական տնտեսական համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Լեհաստանի վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում