ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում սպասվող հանդիպմանը։
«Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,-հայտարարել է Զախարովան՝ հիշեցնելով, որ մայիսի 8-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը լինելու են այդ բանակցությունների օրակարգում։
Մոսկվայում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):