Հասարակական

Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները քաղաքի տարածքում իրականացրել են տեղանքի բարձրության չափումներ

3 րոպեի ընթերցում

Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները քաղաքի տարածքում իրականացրել են տեղանքի բարձրության չափումներ

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտունու Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի 14 աշակերտ մաթեմատիկայի ուսուցիչ Վաղինակ Գևորգյանի և ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Հովսեփյանի ղեկավարությամբ իրականացրել են նախագծային աշխատանք մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից՝ «Տեղանքի բարձրության որոշումը բարոմետրի միջոցով» թեմայով:

123.png (603 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, աշակերտների հետազոտությունների շնորհիվ կատարվել են «Մթնոլորտային ճնշում» թեմայով ուսումնասիրություններ, որոնց արդյունքում դիտարկվել են հարցեր այդ թեմայից, կատարվել են հետազոտություններ և փորձեր մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության օրինաչափությունների և կապերի բացահայտման համար: Բարոմետրի միջոցով ճնշման չափումներ են կատարվել քաղաքի չորս տարբեր կետում՝ թիվ 1 հենակետ՝ լճափ, թիվ 2 հենակետ՝ Կամոյի փողոցի գազալցակայան, թիվ 3 հենակետ՝ Մյասնիկյան փողոց, շուկայի խաչմերուկ և թիվ 4 հենակետ՝ Շահումյան փողոցի բենզալցակայան: Չափումների համար օգտագործվել է անշարժ բաժակով բարոմետր: Նախագծային աշխատանքը կատարելու ընթացքում սովորողներն ուսումնասիրել են քաղաքի տարբեր վայրերի աշխարհագրական դիրքերը, եղանակային տարբերությունները քաղաքի տարբեր թաղամասերում: Բարոմետրի միջոցով կատարելով չափումներ՝ ստացված արդյունքները նրանք համեմատել են աշխարհագրական տվյալների հետ: Ստացված տվյալներով կառուցել են գրաֆիկներ՝ բարձրությունից կախված: Մթնոլորտային ճնշման տվյալները գրանցվել են ապրիլ ամսվա ընթացքում: Հաշվարկվել է յուրաքանչյուր հենակետի միջին ճնշումը: Ստացված միջին ճնշման և ծովի մակարդակի նկատմամբ մթնոլորտային ճնշման տարբերությունների միջոցով որոշվել է քաղաքի տարբեր տեղամասերի բարձրությունները ծովի մակարդակի նկատմամբ: Հաշվարկները ցույց են տվել, որ լճափի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1893 մ։ Կամոյի փողոցի գազալցակայանը ծովի մակարդակից գտնվում է 1921, Մարտունի քաղաքի շուկան՝ 1938, իսկ Շահումյան 131-ում գտնվող բենզալցակայանը՝ 1982 մ բարձրության վրա:

«Կատարելով այս ուսումնասիրության մեջ առաջարկված չափումները և հաշվարկները, հնարավոր է ստեղծել տարածքի քարտեզ, որը ցույց է տալիս ծովի մակարդակից տարբեր կետերի բարձրությունները: Աշխատանքի արդյունքում աշակերտները սովորել են որոշել մթնոլորտային ճնշումը բարոմետրի միջոցով: Նախագծային աշխատանքի շնորհիվ սովորողները ձեռք բերեցին ոչ միայն գիտելիքներ, այլև ինքնուրույն ուսումնասիրություններ կատարելու փորձ և հմտություն՝ իրենց ուսուցիչների հմուտ ղեկավարությամբ»,-ներկայացրեց Անժելա Պողոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում