Մարզեր

Հայ Ավետարանչական ընկերակցությունը կընդլայնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու ծրագրի շահառուների շրջանակը

6 րոպեի ընթերցում

Հայ Ավետարանչական ընկերակցությունը կընդլայնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու ծրագրի շահառուների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (Armenian Missionary Association of America, AMAA) կընդլայնի Revive կեցության և կենսապահովման ծրագրով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցության շահառուների շրջանակը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց AMAA-ի սոցիալական ծրագրերի ղեկավար Անուշ Թութիկյանը։ 

«Ծրագիրը երկու մասից է բաղկացած՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։

Երկարաժամկետն իրենից ենթադրում է 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ինքնուրույնության ապահովում։ Այսինքն՝ մենք աջակցում ենք ընտանիքներին, որպեսզի իրենք կարողանան տեղավորվել համայնքներում, ունենան տնտեսական զարգացման որոշակի հեռանկարներ, մասնագիտական ուսուցում ստանան՝ լինի վարսահարդարում կամ այլ բան իրենց ցանկությամբ։ Եթե գյուղատնտեսությամբ կցանկանան զբաղվել, օգնում ենք նաև այդ հարցում, ինչպես նաև ցուցաբերում ենք սոցիալական և հոգեբանական աջակցություն»,- մանրամասնեց Թութիկյանը։

Ծրագրում ներառվել են Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում ապաստանածները, որոնք եղել են մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը AMAA-ի Լեռնային Ղարաբաղի մասնաճյուղի աշխատակից կամ մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերից մեկի շահառու։ Առաջին փուլի ավարտից հետո շահառուներն ընտրվելու են արդեն մշակված պետական չափորոշիչներին հնարավորինս մոտ։

Ծրագրի կարճաժամկետ բաղադրիչի շրջանակում տրամադրվել է միանվագ աջակցություն միջնաժամկետ առաջնային կարիքների բավարարման նպատակով, ինչպես, օրինակ, հագուստի, սննդի, հիգիենայի պարագաների կամ կենցաղային գույքի, դեղորայքի ձեռքբերում։ 

Մեկանգամյա օգնությունը գլխավորապես ուղղված է ընկերակցության Լեռնային Ղարաբաղի մասնաճյուղի աշխատակիցներին, որոնք սեպտեմբերի 19-ի տեղահանումից հետո բնակվում են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում և չեն պլանավորում ծրագրի շրջանակում տեղափոխվել և ապրել ծրագրի թիրախային հինգ մարզերից մեկում։ 

Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ Revive կեցության և կենսապահովման ծրագրի երկարաժամկետ բաղադրիչի շրջանակում ԼՂ-ից տեղահանված և Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի,Գեղարքունիքի մարզերում բնակվող ու բնակություն հաստատող ընտանիքներին ծրագիրը նախատեսում է աջակցել վարձակալված տների վարձավճարների փոխհատուցման, տներում փոքր վերանորոգումների իրականացման, կենսապահովման պայմանների բարելավման նպատակով ուսուցման կամ վերապատրաստումների անցկացման և դրան համապատասխան գույքի կամ տեխնիկայի տրամադրման, փոքր բիզնեսների հիմնման, աշխատանքի տեղավորման, գյուղատնտեսական ակտիվների տրամադրման և այլ հարցերում։

Ծրագրում արդեն ընդգրկված է ավելի քան 80 ընտանիք, որոնց հետ աշխատում են կազմակերպության սոցիալական աշխատողները, որոնք նույնպես ԼՂ-ից բռնի տեղահանվածներ են։ 

Ըստ Թութիկյանի՝ նախատեսվում է այդ թիվը հասցնել մոտ 100-ի։

«Այստեղ արդեն ընդգրկելու ենք այն ընտանիքներին, որոնք ցանկանում են տեղափոխվել և բնակություն հաստատել մեր ծրագրերով թիրախային համարվող մարզերում, քանի որ այդ մարզերում ունենք գրասենյակներ և կարողանում ենք նրանց տեղում աջակցել»,-մանրամասնեց սոցիալական ծրագրերի ղեկավարը։

Ծրագրով յուրաքանչյուր շահառու ընտանիքի մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով աջակցություն է տրամադրվում, որից մոտ 2000 դոլարը նախատեսվում է բնակվարձի, կենցաղային տեխնիկայի և այլ կենցաղային խնդիրների լուծման համար։ Մնացած գումարն օգտագործվելու է ընտանիքի տնտեսական հզորացման նպատակով։

Ծրագրի շահառու, ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ Շիրակի մարզի Սարիար գյուղում բնակություն հաստատած Ղուլյանների ընտանիքը որոշել է աջակցության միջոցով անասնապահությամբ զբաղվել՝ գնելով 5 հորթ և 2 խոզ։

Ընտանիքի հայրը՝ Արթուր Ղուլյանը հայտնեց, որ աշխատանք է գտել գյուղի մոտակա հանքավայրում, այդուհանդերձ, որպես հեռանկար դիտարկում է անասնապահությունը, հատկապես՝ ոչխարաբուծությունը։ 

«Մինչև աջակցությունից օգտվելը մասնակցել եմ անասնապահության վերաբերյալ դասընթացների, որոնք նպատակաուղղված էին գյուղատնտեսական այս ճյուղի զարգացման գիտելիքների ձեռքբերմանը»,- ասաց Արթուր Ղուլյանը։ 

Նրա խոսքով՝ առաջիկայում էլ պատրաստվում են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, ինչը հնարավորություն կընձեռի Սարիարում իրենց սեփական առանձնատունը ձեռք բերել և իրագործել անասնապահությամբ ավելի ակտիվ զբաղվելու ծրագրերը։ Մինչ այդ՝ ընտանիքը, որտեղ երեք անչափահաս երեխաներ են մեծանում, օգտվում է նաև պետության կողմից տրամադրվող 40+10 հազար դրամական աջակցությունից, ինչը ևս որոշակիորեն լուծում է տալիս առաջնահերթ խնդիրներին։

Ընտանիքի մոր՝ Բելա Սարգսյանի համոզմամբ, աջակցությամբ թեկուզ փոքր անասնագլխաքանակի ձեռքբերումը հույս է ներշնչել իրենց տնտեսապես կայուն ապագայի նկատմամբ։

«Չնայած ես քաղաքային ապրելակերպի եմ սովոր, բայց, եթե գյուղում ես ապրում, ապա պիտի սովորես գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվել։ Եթե չլիներ այս աջակցությունը, անորոշ կլիներ, թե ինչով էինք զբաղվելու, ապահովելու անհրաժեշտ եկամուտ, իսկ հիմա, կարելի է ասել, խթան ունենք ապագայում ոտքի կանգնելու համար։ Դրա շնորհիվ գոնե գիտես, որ ինչ-որ ֆինանսական խնդիր ունենալու դեպքում կարող ես միսը վաճառել, կաթ-մածուն ունենալ»,- ընդհանրացրեց Սարգսյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում