Միջազգային

Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին

2 րոպեի ընթերցում

Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հայտնել է, որ Լուգանսկ քաղաքի սահմանին գտնվող նավթաբազան գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի կողմից: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Տեղում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները: Այժմ հիմնական խնդիրը հրդեհը մարելն է` խաղաղ բնակիչներին և նրանց տները կրակից պաշտպանելու համար», - հայտարարել է միջազգայնորեն չճանաչված հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը իր Telegram ալիքում։

Նա հավելել է, որ մայիսի 7-ի երեկոյան ուկրաինական զինված ուժերի կողմից քաղաքին հասցված հարվածի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է նավթաբազայի հինգ աշխատակից։

Պասեչնիկը նաև հայտնել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, մասամբ հոսանքազրկվել են նավթի պահեստի տարածքում գտնվող տները։

«Այրվում է բարձր ճնշման գազատարը: Հրդեհի մարման աշխատանքներին գործի են դրվել ԱԻՆ-ի բոլոր ստորաբաժանումները։ Նրանց հիմնական խնդիրն այժմ հրդեհի տարածումը կանխելն է։ Այժմ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները գնդակոծության հետևանքները վերացնելու համար», - ասել է Լեոնիդ Պասեչնիկը։

Նա հավելել է, որ Լուգանսկի նավթաբազայի վրա հարձակումը, ենթադրաբար, իրականացվել է արևմտյան արտադրության ATACMS հրթիռների կիրառմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում