Միջազգային

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ հետախուզվող անձանց բազան։

Բազայում նշվում է, որ ՆԳՆ-ն փնտրում է ազգությամբ հայ Արսեն Բորիսի Ավակովին, որը ծնվել է Բաքվում 1964 թ. հունվարի 2-ին։ Ընդ որում, տվյալների բազայում չի հստակեցվում, թե Քրեական օրենսգրքի հատկապես որ հոդվածով է հետախուզվում Ավակովը, որն ավելի վաղ «Ռոսֆինմոնիթորինգ»-ի կողմից ներառվել էր «ահաբեկիչների» և «ծայրահեղականների» ցուցակում։

Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ավակովի դեմ՝ 2018 թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններում քաղաքացիների քվեարկությանը խոչընդոտելու համար։ Քննիչների վարկածով՝ Ավակովը դավադրության մեջ է մտել մի խումբ մարդկանց հետ և հանձնարարել նախարարության աշխատակիցներին կանխել ռուսների մուտքը Կիևում, Լվովում, Օդեսայում և Խարկովում գտնվող ռուսական դիվանագիտական ​​հաստատությունների ընտրատեղամասեր։

Արսեն Ավակովն Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2014-2021 թթ.` նախագահներ Պյոտր Պորոշենկոյի (2014-2019) և Վլադիմիր Զելենսկիի օրոք։

Ռուսաստանի ՆԳՆ-ն իր կողմից հետախուզվող անձանց բազայում ներառել է նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին, Ուկրաինայի կառավարության մի քանի նախկին անդամների և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՌԴ ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Թե օրենսգրքի որ հոդվածով են նրանք հետախուզվում, նշված չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում