Քաղաքականություն

ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

3 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը համարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ–ի արտաքին գործերի նախարարության կայքում:

Հայտարարությամբ մասնավորապես նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ համաձայնությունը: ԱՄԷ-ն հետևում է երկու երկրների միջև վստահության կառուցման և խաղաղության ամրապնդման զարգացող գործընթացին։ ԱՄԷ-ն հույս է հայտնում, որ այս նշանակալի քայլը կամրապնդի հաղորդակցության և երկխոսության կամուրջները և կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունության և կառուցողական համագործակցության խթանմանը:

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Պետական նախարարը նշել է, որ դա օգուտ կբերի երկու երկրներին և ժողովուրդներին:

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղը նշել է, որ ԱՄԷ-ն սերտ և նշանակալի կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել է երկրի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում՝ միաժամանակ ընդգծելով կամուրջներ կառուցելու և համագործակցություն ու երկխոսություն խթանելու կարևորությունը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու տեսանկյունից:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել եննման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում