Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինա ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ նման օգնության տրամադրման հետաձգումը վնասում է Կիևի՝ Ռուսաստանի հարձակումներին դիմակայելու ջանքերին։
«Մենք տվյալներ ենք հավաքել ՆԱՏՕ-ում մեր ունեցած հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերի վերաբերյալ, կենտրոնացել ենք Patriot համակարգերի վրա: Եվ մենք աշխատում ենք դաշնակիցների հետ՝ երաշխավորելու, որ նրանք իրենց համակարգերից մի քանիսն ուղարկեն Ուկրաինա», - ասել է Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգն ասել է նաև, որ Ուկրաինային կարող են տրամադրվել այլ պաշտպանական համակարգեր, այդ թվում՝ NASAMS հրթիռային համակարգ: