Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ժաննա Անդրեասյանն ասաց ապրիլի 12-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացմանը՝ կարևորելով համապատասխան աշխատանքային խմբերում մասնագիտական քննարկումները ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացում։
«Մենք խոսում ենք շատ բարդ ու բազմաշերտ գործընթացներից, և, որպեսզի որոշումները որակյալ լինեն հենց մասնագիտական քննարկումների կարիք ունենք, որ արվեստի ոլորտի մարդիկ խոսեն արվեստի կրթությունից,տեխնոլոգիական ոլորտի կրթությունն ու հետազոտությունը քննարկեն հենց այդ ոլորտի մարդիկ,ինչն էլ միակ գրավականն է՝ այդ քննարկումների արդյունքում ունենալու հնարավորինս լավագույն որոշումները, իսկ որ այդ որոշումների կարիքը կա, դա ավելի քան ակնհայտ է»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ 2006 թվականից մինչ այժմ, ՀՀ բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով, ինչը ստեղծել է մի իրավիճակ, երբ բուհերը, որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր, մեծապես կախված լինելով ուսման վարձերից, փորձում են լուծումներ գտնել կրթության որակի հաշվին։
«Ես ընդամենը մի փոքր թիվ եմ բերում, որպեսզի պարզ լինի և բոլորս ձևակերպենք այն խնդիրները, որ ունենք, որ բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի։ Միաժամանակ՝ կառավարությունը զուգահեռ սկսել է գիտական համակարգի ֆինանսավորման շատ էական ավելացում և մի շարք գործիքակազմեր է ներդրել, որով խրախուսում է ավելացնել նաև գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվող մարդկանց թիվը՝ հատկապես նպաստելով երիտասարդ գիտնականների աճին»,-ընդգծեց Անդրեասյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն անհնար է առանց կրթության որակի բարձրացման։
Գերատեսչության ղեկավարի դիտարկմամբ՝ որակյալ բարձրագույն կրթությունն անպայման պետք է ներառի նաև հետազոտությունը որպես բաղադրիչ։
«Այս երկուսի փոխկապակցումը, մի հովանոցի տակ գործելը մի կողմից բերելու է գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների, այսպես ասենք, «խողովակի» առաջացմանը՝ սերնդափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմի գոյությանը, մյուս կողմից՝ բարձրացնելու է բարձրագույն կրթության որակը»,-հավաստեց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ նման սիներգիական մոտեցմամբ նաև ոլորտի ֆինանսավորման ծավալները կարող են լինել էապես ավելի մեծ ու բարձր արդյունավետությամբ։