Միջազգային

ԵՄ երկրները 10 միլիարդ եվրո են ծախսել ֆերմերների վնասները փոխհատուցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները 10 միլիարդ եվրո են ծախսել ֆերմերների վնասները փոխհատուցելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրները 10 միլիարդ եվրո են ծախսել ֆերմերների կրած վնասները փոխհատուցելու համար, ինչի պատճառը Ուկրաինայից ներմուծվող էժան գյուղատնտեսական ապրանքներն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին ԵՄ գյուղատնտեսության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը զգայուն հարց է: Սկզբում դա խնդիր էր միայն Ուկրաինային սահմանակից պետությունների համար, իսկ այժմ դա խնդիր է ամբողջ Եվրոպայի համար։ Ես խորհուրդ եմ տվել երկարաձգել Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքներից տուժած ֆերմերներին պետական աջակցության տրամադրման համակարգը։ ԵՄ երկրներն արդեն 10 միլիարդ եվրո են ծախսել այդ նպատակով», - եվրահանձնակատարի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ-ը:

ԵՄ մի շարք երկրներում ֆերմերները բողոքում են Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների անմաքս ներմուծման դեմ, ինչի պատճառով իրենք վնասներ են կրում։ Ըստ ապրիլի 8-ին գերմանական Das Erste հեռուստաալիքի հրապարակման՝ ԵՄ-ն վերադարձնում է ուկրաինական մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Ըստ ԵՄ երկրների և Եվրահանձնաժողովի միջև ձեռք բերված նախնական համաձայնության՝ անմաքս ներմուծումը կսահմանափակվի թռչնամսի, ձվի, շաքարի, վարսակի, եգիպտացորենի, սպիտակաձավարի և մեղրի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում