Միջազգային

Մարտին երկրագնդի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել․ մասնագետները մտահոգված են

2 րոպեի ընթերցում

Մարտին երկրագնդի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել․ մասնագետները մտահոգված են

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտը դարձել է տասներորդ անընդմեջ ամենատաք ամիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայությունը։

Ըստ ծառայության՝ անցյալ ամիսը եղել է երբևէ գրանցված ամենատաք մարտը, 2023 թ․ հունիսից ի վեր հերթական ամիսը, երբ արձանագրվում է ջերմաստիճանային ռեկորդ, բացի այդ, ծովի մակերևույթի ջերմաստիճանը նույնպես նոր ռեկորդ է սահմանել։

Անցյալ ամիսը եղել է ըստ Ցելսիուսի սանդղակի 1,68 աստիճանով ավելի տաք, քան 1850-1900 թվականներին՝ մինչարդյունաբերական ժամանակաշրջանում մարտին գրանցված միջին ջերմաստիճանը։

Անցյալ ամիսը գերազանցել է ամենատաք մարտ ամսի ռեկորդն ընդամենը 0,1 աստիճանով, սակայն ըստ ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության փոխտնօրեն Սամանթա Բերջեսի՝ մտահոգություն է առաջացնում ջերմաստիճանի բարձրացման ընդհանուր միտումը։

Վերջին մեկ տարին համարվում է ամենաշոգը. այս ընթացքում մոլորակի ջերմաստիճանը մինչարդյունաբերական ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանը գերազանցել է 1,58 աստիճանով։

2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում երկրները պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։ Չնայած 12 ամսվա ընթացքում ջերմաստիճանը գերազանցել է 1,5 աստիճանը, սակայն այն դեռ չի հատել Փարիզի համաձայնագրի նպատակակետը, որը հաշվի է առնում մոլորակի միջին ջերմաստիճանը մի քանի տասնամյակի ընթացքում։

«Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ մենք չափազանց մոտ ենք դրան», - ասել է Բերջեսը AFP գործակալությանը։

Բերջեսի խոսքով՝ ծովի ջերմաստիճանի հետ կապված իրավիճակը պակաս «ցնցող» չէ. համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի ռեկորդը, որը սահմանվել էր փետրվարին, մարտին կրկին գերազանցվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում