Միջազգային

Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Sea Shield 24 («Ծովային վահան 24») ռազմածովային զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Ռումինիայի ռադիոյի, բացի ընդունող երկրից զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրներ և գործընկերներ Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Մոլդովան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Ֆրանսիան։

Ռումինիայի ռազմածովային ուժերի զորավարժություններում ներգրավված են ավելի քան 2200 զինվորական և 135 միավոր մարտական տեխնիկա՝ 27 ծովային և գետային նավ, 17 ինքնաթիռ և 91 ավտոմեքենա և նավարկության միջոցներ։ Զորավարժությունները կավարտվեն ապրիլի 21-ին։

«Sea Shield 24-ը Ռումինիայի Ռազմածովային նավատորմի գլխավորած ամենաընդգրկուն զորավարժություններն են այս տարի, դրանք նպաստում են Ռումինիայի նախաձեռնությունների և շահերի խթանմանը տարածաշրջանային և միջազգային առումով, ինչպես նաև մասնակից երկրների ուժերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանը», - ընդգծել է երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Sea Shield բազմազգ զորավարժություններն առաջին անգամ անցկացվել են 2015 թվականին։ Ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ զորավարժությունների սցենարը անընդհատ նորացվում է՝ արագ և արդյունավետ կերպով պատասխանելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում