Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հերքել է Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթացի հասնելու լուրերը

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հերքել է Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթացի հասնելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Ապրիլի 7-ին կայացած բանակցություններին մասնակցել են պատվիրակություններ նաև Իսրայելից, Կատարից, ԱՄՆ-ից։

«Օկուպացիոն ուժերի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, հետևաբար, Կահիրեի բանակցություններում ոչ մի նորություն չկա։ Առայժմ ոչ մի առաջընթաց չկա», - Reuters-ին հայտնել է պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Եգիպտոսի պետական Al-Qahera հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, որոնք օգոստոսից պատերազմում են Գազայի հատվածում, առայժմ չեն կարողանում հարթել հիմնական պահանջների շուրջ տարաձայնությունները։ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ Իսրայելը դադարեցնի իր հարձակումը, ամբողջովին դուրս բերի իր ուժերը Գազայի հատվածից, իսկ Իսրայելը պահանջում է ազատ արձակել Գազայում գտնվող պատանդներին իսրայելական բանտերում գտնվող մի շարք պաղեստինցիների դիմաց, սակայն չի խոստանում վերջ դնել ռազմական գործողություններին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 33 100-ը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում