Միջազգային

Իսրայելը 2 սպայի հեռացրել է աշխատանքից Գազայում հումանիտար աշխատողների շարասյանը հարվածելու համար

3 րոպեի ընթերցում

Իսրայելը 2 սպայի հեռացրել է աշխատանքից Գազայում հումանիտար աշխատողների շարասյանը հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ աշխատանքից ազատել է երկու սպաների, ինչպես նաև նկատողություն է արել երեքին անօդաչու թռչող սարքերի հարվածի համար, որի հետևանքով Գազայի հատվածում 7 հումանիտար աշխատող է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը ցույց է տվել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմում Իսրայելը բավարար քայլեր չի ձեռնարկում քաղաքացիական անձանց պաշտպանելու ուղղությամբ։

«Սա ողբերգություն է։ Սա լուրջ միջադեպ է, որի համար մենք պատասխանատու ենք, որը չպետք է տեղի ունենար, և մենք այնպես կանենք, որ նման բան այլևս տեղի չունենա», - ասել է ԻՊԲ խոսնակ փոխծովակալ Դանիել Հագարին։

Նախքան հարված հասցնելը, ըստ ԻՊԲ կանոնների, թիրախը պետք է վիզուալ կերպով նույնականացվեր։ Սակայն հետաքննությունը պարզել է, որ գնդապետը, որը հաստատել է անօդաչուների հարվածները հումանիտար աշխատողների ավտոշարասյանը, դա արել է մայորներից մեկի դիտարկման հիման վրա, որ շարասյան մեջ ինչ-որ մեկը զինված է եղել։ Այնուհետև պարզվել է, որ այս դիտարկումը սխալ է։

Բացի այդ, սպաները չեն կարդացել հաղորդագրությունները, որոնցում զորքերին նախազգուշացվում էր, որ հումանիտար բեռների բեռնաթափումից հետո աշխատողներին պահեստից պետք է տանեն մեքենաները, ոչ թե հումանիտար օգնության բեռնատարները։ Սրա հետևանքով ԻՊԲ զինվորականները թիրախավորել են մեքենաները՝ կարծելով, թե դրանք տեղափոխում են զինյալների։

ԻՊԲ-ն հայտնել է, որ գնդապետը և մայորն ազատվել են աշխատանքից, իսկ երեք այլ սպաների նկատողություն է տրվել։ Հետաքննության արդյունքները տրամադրվել են ռազմական գերատեսչության գլխավոր փաստաբանին, որը կորոշի՝ արդյոք հարվածների մեջ ներգրավված սպաները կամ այլ անձինք պետք է հետագա պատժի ենթարկվեն թե ոչ։

«Համաշխարհային կենտրոնական խոհանոց» կազմակերպության 7 աշխատակիցներից 3-ը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին, մեկն՝ Ավստրալիայի, մեկը՝ Լեհաստանի, մեկն ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ուներ, մյուսն էլ պաղեստինցի էր։

Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 220 հումանիտար աշխատող։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում