Միջազգային

Ուկրաինայում մարտական գործողություններն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում մարտական գործողություններն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում մարտական գործողություններն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար, իսկ Կիևին զենքի մատակարարումները ներդրում են դաշինքի երկրների սեփական անվտանգության բնագավառում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի պլանային հանդիպման շրջանակներում։

«Այն, ինչ դուք անում եք, շատ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Ուկրաինային աջակցելը բարեգործություն չէ, դա ներդրում է ՆԱՏՕ-ի երկրների սեփական անվտանգության բնագավառում», - ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ միասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային զենք մատակարարել դաշինքի բոլոր երկրների համար պլանային պարտադիր հիմունքներով՝ ի տարբերություն ներկայում գործող կամավոր փոխանցման:

«Երեկ մենք (խմբ.՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները) քննարկեցինք, թե ինչպես ստեղծենք ավելի ուժեղ ինստիտուցիոնալացված կառույց՝ Ուկրաինայի անվտանգության ապահովման նպատակով: Ուկրաինային տրամադրվող ամբողջ ռազմական օգնության 99 %-ը ստացվում է ՆԱՏՕ-ի երկրներից, բայց անհրաժեշտ է երաշխավորել, որ այդ բոլորը կանխատեսելիորեն և արդարացիորեն բաշխված լինի դաշինքի պետությունների միջև, - ասել նա: - Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան պետք է ավելի քիչ չափով կախված լինի զենքի կամավոր մատակարարումներից և ավելի շատ ստանա ՆԱՏՕ-ի կայուն պարտավորությունների շրջանակներում»:

Իր հերթին, Կուլեբան ասել է, որ որպես առաջնահերթություն, ՆԱՏՕ-ից կխնդրի նոր ամերիկյան Patriot համակարգեր, որոնք, ըստ նրա, «շատ անհրաժեշտ են»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում