Միջազգային

Բարեգործական կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ Գազայում զոհված աշխատողները թիրախավորվել են «մեքենա առ մեքենա», Իսրայելը հերքել է դա

3 րոպեի ընթերցում

Բարեգործական կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ Գազայում զոհված աշխատողները թիրախավորվել են «մեքենա առ մեքենա», Իսրայելը հերքել է դա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարեգործական «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» կազմակերպության ղեկավար, հայտնի շեֆ խոհարար Խոսե Անդրեսը հայտնել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով զոհված 7 հումանիտար աշխատողները թիրախավորվել են «համակարգված կերպով, մեքենա առ մեքենա»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։

Անդրեսը պնդում է, որ իր բարեգործական կազմակերպությունը հստակ հաղորդակցություն է պահպանել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հետ, որն իմացել է հումանիտար աշխատողների տեղաշարժերի մասին։

«Սա պարզապես այսպիսի պատահական իրավիճակ չէր, որտեղ «օհ» մենք սխալ վայրում ռումբ նետեցինք», - ասել է Անդրեսը՝ հավելելով, որ հումանիտար ավտոշարասյան մեքենաների տանիքին եղել է գունավոր լոգո, իսկ ԻՊԲ-ն տեղյակ է եղել շարասյան գտնվելու վայրի մասին։

Ապրիլի 1-ին Իսրայելի հարվածների հետևանքով 7 հումանիտար աշխատողները զոհվել էին, երբ դուրս էին եկել պահեստից, որտեղ բեռնաթափել էին ծովով Գազայի հատված հասցված 100 տոննա սնունդը։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածը եղել է «սխալմունք»։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես հայտնել է, որ հարձակումը միտումնավոր չի եղել։

Զոհերի շարքում են 3 Բրիտանիայի քաղաքացի, Ավստրալիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և 1 պաղեստինցի։

Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիլ Բարկաթը հերքել է Խոսե Անդրեսի մեղադրանքները, որ «Համաշխարհային կենտրոնական խոհանոց»-ի աշխատակիցները միտումնավոր կերպով են թիրախավորվել, և Անդրեսի մեկնաբանությունն անվանել է «անհեթեթություն»։ BBC-ի հետ զրույցում Բարկաթն ասել է, որ Իսրայելը «շատ է ցավում» 7 հումանիտար աշխատողներին սպանելու համար, սակայն «ցավոք, պատերազմի ժամանակ «բարեկամական կրակ» պատահում է»։

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում 196 հումանիտար աշխատող է զոհվել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում