Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները հավաքվում են Բրյուսելում՝ նշելու դաշինքի հոբելյանական 75-ամյակը

3 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները հավաքվում են Բրյուսելում՝ նշելու դաշինքի հոբելյանական 75-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները ապրիլի 3-4-ին Բրյուսելում իրենց գարնանային հանդիպմանը կնշեն Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադրման 75-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ապրիլի 3-ին ԱԳ նախարարները կհավաքվեն Հյուսիսատլանտյան խորհրդի ձևաչափով, որը հիմնականում նվիրված կլինի հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանը։ Նախարարների ուշադրության կենտրոնում, ինչպես և վերջին տարվա ընթացքում, լինելու է անցյալ տարի Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում ընդունված զսպման ու պաշտպանության ամրապնդման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև օգնությունն Ուկրաինային:

Ապրիլի 4-ին լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադրման 75-ամյակը։ Օրը կմեկնարկի կազմակերպության հոբելյանին նվիրված տոնական արարողությամբ:

Արարողությանը ելույթ կունենան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ ծովակալ Ռոբ Բաուերը և Ալբանիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի և Բելգիայի արտաքին գործերի նախարարները:

ՆԱՏՕ-ի 75-ամյակի առթիվ տոնակատարությունները տեղի կունենան նաև Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում, որտեղ 1949 թ. ստորագրվել է կազմակերպության հիմնադիր պայմանագիրը:

Այնուհետև ապրիլի 4-ի միջոցառումների օրակարգում է ՆԱՏՕ-Ուկրաինա նախարարական խորհրդի նիստը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի մասնակցությամբ։

Ապրիլի 2-ին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային մինչև 100 միլիարդ դոլար գումարի հնգամյա օգնության փաթեթի գաղափարի վրա, որը կգործի՝ անկախ Արևմուտքում հնարավոր քաղաքական փոփոխություններից։

Մի քանի դիվանագետների խոսքով, այսպես կոչված «Առաքելություն Ուկրաինայի համար» առաջարկն առաջ է քաշել Ստոլտենբերգը։ Պլանի համաձայն՝ դաշինքը պետք է համատեղ համակարգի 100 միլիարդ դոլարի օգտագործումը, որը հատկացնեն դաշինքի անդամ 32 պետությունները։

Երկօրյա նախարարական հանդիպումը կավարտվի Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպմամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) գործընկերների հետ, մասնավորապես՝ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից:

Այս հանդիպմանը կմասնակցի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում