Միջազգային

Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժը

2 րոպեի ընթերցում

Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թայվանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Սա կղզուն հարվածած ամենահզոր երկրաշարժն է վերջին 25 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ առնվազն 26 շենք է փլուզվել, որոնց կեսից ավելին՝ արևելյան Հուալյան շրջանում, որտեղ էլ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնը։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Շուրջ 20 մարդ դեռ փլատակներում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

t2.jpg (163 KB)

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։

t1.jpg (289 KB)

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ հարավային Օկինավա պրեֆեկտուրային են հասել ցունամիի փոքր ալիքներ, որոնց հզորությունն աստիճանաբար նվազել է։ Ճապոնիայի հարավում և Ֆիլիպիններում ցունամիի վտանգ է հայտարարվել, որն այնուհետև չեղարկվել է։ Թայվանը նույնպես ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ դրա վտանգն անցել է։

Ճապոնիայի սեյսմոլոգիական ծառայությունը ցնցումների ուժգնությունը գնահատել է 7,7 մագնիտուդ, ԱՄՆ-ինը՝ 7,4:

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 25 հետցնցում։ Ըստ Չինաստանի կենտրոնական լրատվամիջոցի՝ ցնցումները զգացվել են երկրի Ֆուցզյան նահանգում։

Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում