Պատմության գանձերը. Արգիշտի I արքայի սեպագիր արձանագրությամբ կափարիչը՝ համաշխարհային նշանակության բացառիկ նմուշ
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ սկսում են «Պատմության գանձերը» խորագրով նոր նախագիծ ՝ ներկայացնելով թանգարանում պահվող բացառիկ նմուշները:
Ավելի քան մեկդարյա ճանապարհ անցած այս մշակութային կենտրոնն իր պատերի ներսում ամբողջացնում է հազարամյակների պատմություն՝ ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, հնագիտական, դրամագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ՝ ներկայացնելով Հայաստանի պատմությունն ու մշակույթը Հին քարի դարից մինչև մեր օրերը:
Դե ինչ, գնանք բացահայտելու պատմության թանգարանում պահվող հետաքրքիր, հնամենի և առեղծվածային նմուշները: Մեր թողարկումները կգտնեք «Արմենպրես»-ի կայքում ամեն չորեքշաբթի:
***
«Կարմիր բլուր» հնավայրը հայտնի է իր տարբեր ժամանակների, հատկապես Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ժառանգությամբ: Հենց «Կարմիր բլուր»-ի պեղումների ընթացքում է հայտնաբերվել Ք.ա.VIII դարին թվագրվող կափարիչը: Այն ինքնատիպ նմուշ է և հստակ խոսում է դարաշրջանի մասին, որտեղ արդեն իսկ զարգացած է եղել ոսկերչական արհեստը՝ իր բոլոր ճյուղերով, և ոչ միայն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը նշեց, որ նմուշը անոթի սկավառակաձև կափարիչ է և ձևով նման է ուրարտական վահաններին:
«Կափարիչը շատ արժեքավոր է և հստակ թվագրվում է Ք.ա.VIII դարին, քանի որ դրա վերին երրորդ արծաթյա գոտու վրա փորագրված է Արգիշտի I արքայի մեկ տողանոց սեպագիր արձանագրությունը: Կափարիչի մակերեսը բոլորված է մեկընդմեջ արծաթյա և ոսկյա համակենտրոն ութ գոտիներով: Ոսկյա գոտիները հարդարված են ուրարտական արվեստին բնորոշ լոտոսի կոկոններից կազմված ծաղկեշղթայով: Սկավառակի կենտրոնում տեղադրված է նռան պտղի քանդակ` ծաղիկը ծայրին»,-ասաց մասնագետը:
Զոհրաբյանն ընդգծեց՝ կափարիչի հայտնաբերմամբ Հայկական լեռնաշխարհում առաջին անգամ տեսնում ենք գրի առկայություն և տեսնում ենք, թե Վանի թագավորները ի՞նչ բանաձևեր են օգտագործել իրենց աստվածներին մեծարելու և իրենց իշխանությունն այդ ենթատեքստում ընդգծելու համար:
«Արձանագրության մեջ ամենահետաքրքիրը «խուփ» բառն է, որը գրված է հենց այն ձևով, ինչ ձևով մենք ենք օգտագործում, այսինքն՝ համահունչ է հայերեն խուփ արտասանությանը: Այստեղ ամեն մի դետալը պահանջում է ոսկերչական բացառիկ տաղանդ և հմտություն, ինչը վկայում է, որ Վանի թագավորությունում զարգացած են եղել ոսկերչությունը, արծաթագործությունը, երկաթագործությունը: Այսինքն, կարելի է ասել, որ առհասարակ Հայկական լեռնաշխարհում հմուտ տիրապետել են արհեստի ու արվեստի բոլոր ճյուղերին»,- ասաց նա:
Կարևոր արձանագրություն պարունակող կափարիչը, ըստ մասնագետի, ունի նաև համաշխարհային մեծ նշանակություն. ուրարտական արձանագրությամբ ամեն մի նշում բացառիկ է, որովհետև ամբողջ աշխարհում դրանց քանակությունն այնքան էլ մեծ չէ: Բացի դա, այս նմուշի ուսումնասիրման և ընթերցման ժամանակ նոր բառեր և նշաններ են հայտնաբերվել, ինչը ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մասնագետներին հնարավորություն է տվել ավելի շատ բացահայտումներ անել ուրարտական դարաշրջանի մասին:
Զոհրաբյանը փաստեց, որ նմուշը բազմիցս հետազոտվել է ուրարտական դարաշրջանի ուսումնասիրմամբ և բացահայտմամբ զբաղվող համաշխարհային տարբեր հնագետների կողմից: Իսկ բազմաթիվ ուրարտագետներ նմուշի մասին նաև մի շարք հոդվածներ են հրատարակել իրենց աշխատություններում: