Հասարակական

Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի 15 նոր տրոլեյբուս և 171 ավտոբուս

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի 15 նոր տրոլեյբուս և 171 ավտոբուս

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով և 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսով:

Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով: Նախագիծը կյանքի կոչելու համար միջազգային գործընկերների հետ բանակցություններ են ընթանում:

«Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումը մեր տրանսպորտային ցանցի կարևորագույն բաղադրիչներից է: Գալիք տարի լրանում է «Հիգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետը և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, ունենք խնդիր նաև մասնավոր գծերի առումով՝ դրանք էլ ունեն փոխարինման կարիք, և այս 250 ավտոբուսներով մենք, կարելի է ասել, ամբողջապես փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը»,- ասաց քաղաքապետը:

Ավինյանը նշեց նաև, որ այս տարի կշարունակվի ավտոբուսային գծերի առանձնացումը, որն էապես կրճատելու է հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց տեղաշարժի ժամանակը: Նա կարևորեց, որ նաև պետք է քննարկեն հասկանալու համար, թե ավտոբուսային առանձնացված գծերով ի՛նչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել՝ ընդգծելով որ այդ պրոցեսում չպետք է խախտել մրցակցային տրամաբանությունը, բայց միաժամանակ տաքսիների համար պետք է նոր պահանջներ սահմանել:

«Հաջորդ քայլն, իհարկե, տոմսային համակարգի ամբողջական ներդրումն է, որը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր: Փուլային այդ փոփոխությունը՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ եղանակ, արդեն այսօրվանից պետք է սկսել, պետք է ճանապարհային այդ քարտեզը հասկանալ»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում