Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդլայնման հնարավորությունը չի բացառվում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ կազմակերպությունն առաջարկում է անդամակցության բարենպաստ պայմաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։

«Իհարկե, սկզբունքորեն բացառված չէ նման (խմբ.՝ ընդլայնման) հնարավորությունը։ Բանն այն է, որ հին աշխարհակարգի փլուզման պայմաններում, որն ուղեկցվում է հին հակամարտությունների վերսկսմամբ և նորերի ի հայտ գալով, զգալիորեն մեծանում է ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությունը: Դա օրինաչափ է և հաստատված է պատմությամբ, հատկապես, որ ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ բարենպաստ պայմաններ», - ասել է Թասմաղամբետովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այնուհետև պարզաբանել է, թե որոնք են կազմակերպությունում անդամակցության առավելությունները։

«Դրանցից հիմնականներից մեկը, կարծում եմ, կարելի է համարել խիստ «բլոկային կարգապահության» բացակայությունը և կազմակերպության ներսում որոշումների կայացման ընթացակարգի ժողովրդավարական բնույթը։ Առանցքային նշանակություն ունի նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական-դիվանագիտական ​​մեթոդներին», - ասել է Թասմաղամբետովը։

Նա չի բացառել, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիմքի վրա համագործակցության նոր ձևաչափերի առաջացման յուրօրինակ շարժիչ ուժը կլինի խաղաղապահ գործունեությունը, «որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»։

ՀԱՊԿ-ում ներկայում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում